ՍԴ-ն հետաձգել է ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականության հարցի քննությունը
Սահմանադրական դատարանն այսօր քննելու էր ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հարցը։ ՍԴ-ն որոշել էր դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Սակայն այսօր գործի քննությունը չի կայացել, այն հետաձգվել է։
ՍԴ աշխատակարգային որոշում է կայացրել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ագային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսելու, գործի դատաքննությունը հետաձգելու և դատաքննությունը նշանակելու մասին։
Սահմանադրական դատարանը որոշել է. «Ելնելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ սույն գործի վարույթը վերսկսել:
Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ին»։
ՍԴ-ն այս գործով ևս մեկ աշխատակարգային որոշում է կայացրել, ըստ որի. «Գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանին փոխարինել և գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի նախագահ Ա. Դիլանյանին:
Նշենք, որ ԱԺՈ-01-Ա որոշումն է՝
«Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Ալեն Սիմոնյանին ընտրել Ազգային ժողովի նախագահ:
Պաշտոնական հրապարակման օրը` 2 օգոստոսի 2021 թվական»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բողոք են ներկայացրել Սահամանադրական դատարան՝ ԱԺ որոշումը, որը վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրելուն, ճանաչվի Սահամանադրությանը հակասող և անվավեր։ Նրանք պնդում են, որ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուները՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները