Ադրբեջանի կողմից արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետական առաքելութան իրականացումը ԼՂ-ում. դեսպան
Ապրիլի 4-ին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Իր ելույթում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի աշխատանքը՝ ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում Արցախի խաղաղ բնակչությունը մատնվել էր իրական հումանիտար աղետի։
Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու և Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է, որն ուղեկցվում է հայկական մշակութային արժեքների նկատմամբ ավերածությունների և վանդալիզմի գործողությունների իրականացմամբ ու հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։
Նշվել է, որ մեկ տարուց ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետական առաքելութան իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ տեղում ականատես լինելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացված ավերածություններին և վանդալիզմի այլ գործողություններին։
Դեսպանի կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ հակամարտության գոտում փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանն առաջարկում է Շուշին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքաների ցանցում». monumentwatch.org
- Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին