«Ժողովուրդ». ՔՊ վարչությունում անչափ թեժ իրավիճակ է, կարելի է ասել` իրար կոկորդ են կրծում
«Ժողովուրդ» թերթը գրում է. Տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թևերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։
«Քանի որ այս անգամ ՔՊ վարչության կազմը կրճատվելու ու 21-ից 15 է դառնալու, հետևաբար պայքարն այժմ ավելի է շիկացած. բոլորը ցանկանում են բաղձալի 15-ում հայտնվել։ Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Չընտրվելու մտավախություն նաև ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ունի, ով նույնպես այդքան էլ սիրելի ու ընկալելի չէ ներսում», -ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին, ապա, ըստ մեր տեղեկությունների, գրեթե բոլորն էլ մտադիր են առաջադրվելու ու ընտրվելու, առաջամարտիկներից է Վահագն Ալեքսանյանը, ցանկություն ունեն նաև Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանն ու այլք։
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ-ական իր թիմին է ցանկանում ՔՊ վարչությունում տեղավորել՝ ի դեմս պատգամավոր Հասմիկ Հակոբյանի: Մի խոսքով, անչափ թեժ իրավիճակ է, կարելի է ասել` իրար կոկորդ են կրծում։ Միմյանց հետ են բանակցում, մտածում` ինչ մեթոդներ բանեցնեն, որ իշխող կուսակցության վարչության կազմում հայտնվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի ասում` ում ընտրեն, ինչ անեն, որևէ մեկին չի ուղղորդում։ Ասել է` սա դուք, սա` կուսակցությունը», – ավելացրեց մեր աղբյուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները