Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան գործով անցնող չորս ամբաստանյալների դատավճիռները։
Սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանին, Վաչե Սահակյանին, Նորիկ Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ շմի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն։
Դատարանի վճռով, նրանց արարքները վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության։ Նրանք դատապարտվեցին 15-ական տարի ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվում են 2015 թ. հունվարի 29-ից։
Դատախազությունն ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար. Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում։ Սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում էր, որ 4 ամբաստանյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։
Դատարանի վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Արկադի Բարսեղյանն ասաց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ։
«Գոնե անձամբ մարդասպանը, ով սպանել է իմ որդուն, վկաների ցուցումունքով Գնել Թևոսյանն է եղել, իրեն 20 կամ 25 տարի, կամ ցմահ դատապարտեին։ Ո՞նց կարելի է սպանողին էլ 15 տարի դատապարտեն, ոտք բռնողին էլ։ Ուզում եմ իմանալ՝ Հայաստանում էլ ինչ ձևի հանցագործություն պետք է կատարվի դաժան, որ դատապարտվի ցմահ, կամ 20-25 տարի»,- ասաց նա։
Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունը տեղի էր ունեցել հունվարի 29-ին. ըստ պաշտոնական տեղեկության, ժամը 06:35-ի սահմաններում զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Հարակից հրապարակումներ`
- Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գրպանում հայտնաբերված գրությունը ինքը չի գրել. Էլդա Գրին
- Հայկազ Բարսեղյանի սպանության գործ. «Ի՞նչ կլնի, մոտենամ թքեմ դրանց երեսին, հետ գամ»
- Երբ Հայկազին տարել են կախելու, նա արդեն մահացած է եղել. Կուրսանտի սպանության գործն արդեն դատարանում է
- 4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար
- Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ
- Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ
- ՀՀ ՊՆ. Երևանի զորամասերից մեկում պարանով կախված վիճակում զինվոր է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին