Սրանց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս. Մամիջանյան
«Այստեղ կանգնած մարդիկ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, բայց նույնքան էլ Արցախը Հայաստանի անվտանգության գրավականն է»,- Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ներողություն է խնդրում հարազատ կորցրած եղբայրներից և քույրերից, որ ինքը կա, իսկ իրենց հարազատները չկան։
«Եկել եմ ասելու, որ իրենց հերոս զավակների պահած ու շահած հողը պատառ-պատառ, իրենց մեջքի հետևից ծախում են։ Սուտ է՝ իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս։ Ու ծախելն այնպիսի դեմքի արտահայտությամբ են անում, կարծես բոլորին փրկություն են բերել, մի բան էլ մեր վրա են մունաթ գալիս»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանը ասաց, որ Արցախյան հարցի լուծման բանալին ոչ Վաշինգոտում է, ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում, Երևանում է։
Նա հիշեցրեց այս իշխանության հայտարարությունները, որ առանց Ղարաբաղի բանակցությունների սեղան չեն նստելու, ապա հավելեց. «Ժողովուրդ ջան, 4 տարի է անցել ոչ միայն Արցախը բանակցային սեղանին չի, այլ Հայաստանը բանակցային սեղանին չէ։ Առանց մեզ մեր ապագան են որոշում»։
Հ. Մամիջանյանը ասաց, որ այսօր հայոց բանակի պարծանք հատուկ ջոկատայիններին սրանք մաքրուհու շորեր են հագցնում, մի հատ էլ դրա մասին ռեպորտաժ են սարքում։
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով, մարդիկ չեն ուզում հավատալ, որ Արցախի լուծման միակ, հայանպաստ տարբերակը Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարված հիմնարար սկզբունքներն են։
«Եթե այդ չմարդը Հայաստանում այդ մասին չի խսում, տո դրսում՝ Բրյուսելում, ո՞նց է դրանից խոսելու»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ճանապարհից հետ կանգնելու տարբերակ չկա։
«Հայրենիքի համար պայքարելիս ճանապարհի կեսից հետ չեն կանգնում։ Եթե չպայքարենք, հաստատ հաջողության չենք հասնի։ Ամեն ոտքի կանգնող հայը շանս է։ Մեզ մի բան է մնում՝ հավատալ իրար, մենք իրար խաբել չենք կարող:
Մենք չենք կարող պարտվել, որովհետև մենք էլ կորցնելու բան չունենք, հայրենիքից ավելի թանկ ի՞նչ պիտի կորցնենք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք՝ ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին. Վահե Հակոբյան
- Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա․ Տիգրան Աբրահամյան
- Արցախը կորցնելու հետհաշվարկն այլևս սկսված է. Նաիրա Զոհրաբյան
- Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան