Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է հանրահավաքին. Արմեն Աշոտյան
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է Ազատության հրապարակում ժամը 18։30-ին «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին։ Ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին, մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ոչ միայն որպես ՀՀԿ նախագահ, ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես Հայաստանի մտահոգ քաղաքացի, քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է՝ ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ»,- ասաց նա։
Ա. Աշոտյանի խոսքով, կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ հանրահավաքներին չէր մասնակցում Սերժ Սարգսյանը։
«Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ, Արցախի համար, այլև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին։ Վերջին անգամ երևի այսպես օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել էին երեք նախկին նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ելույթ չի ունենալու. «Նա, ինչպես ասացի, գալու է հանրահավաքին ոչ միայն որպես կուսակցության ղեկավար։ Նա ժողովրդի մաս է լինելու, ժողովրդի հետ»։
Ա. Աշոտյանի խոսքով, հանրահավաքը կազմակերպում են ընդդիմադիր դաշինքները, դրանց մաս կազմող կուսակցությունները, բայց այն բացարձակ կուսակցական պատկանելիություն չունի։
«Դաշինքները, կուսակցություններն ընդամենը կազմակերպչական աշխատուժն են, որոնք ստեղծում են պայմաններ, որպեսզի հասարակության մեջ կրկին արթնացենք զգոնությունը, արժանապատվությունը, թասիբը, արժանապատվությունը մեր ազգային օրակարգի շուրջ։
Երկրորդ, հանրահավաքի նպատակն է շատ հստակ ուղերձներ հղել միջազգային հանրությանը, որովհետև միջազգային հանրություն կոչվածը, բնականաբար, լինելով նախ և առաջ իրենց շահերի սպասարկու օղակներ, օգտվում են և օգտվելու են Հայաստանի թուլամորթ և ապիկար ղեկավարության քաղաքականությունից։ Պետք է հանրահավաքի միջոցով ցույց տրվի միջազգային հանրությանը, որ հայ ժողովուրդը տնվորի կարգավիճակով չի ապրում իր հայրենիքում, հայ ժողովուրդը իր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի տերն է, թույլ չի տալու Փաշինյանին կամ իր պաշտոնյաներին վաճառել ու սակարկել հայրենյանց տունը»,- ասաց քաղաքական գործիչը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով, մարդիկ գնալով հանրահավաքին, մասնակցելով հանրահավաքից հետո հաջորդ օրերին ենթադրվող քաղաքական և քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, շանս են ստեղծում իրենց, իրենց երեխաների ու մեր հայրենիքի համար։
Իհարկե, ըստ նրա, մեկ հանրահավաքով «գարուն չի գալու», բայց հանրահավաքները կարող են դառնալ Հայաստան՝ քաղաքական իմաստով գարուն վերադարձնելու գործընթացի սկիզբը։
«Այսօրվա հանրահավաքը պետք է դառնա գործընթացների դրդիչ, որպեսզի մենք երկու խնդիրները լուծենք»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. հանրահավաք ապրիլի 5-ին
- Արտակ Զաքարյան. Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան