ՀՀ աշխատող քաղաքացիների կեսը՝ 300.000 մարդ, չափավոր աղքատ են. Թադևոս Ավետիսյան
«Նվազագույն աշխատավարձը սոցիալական պետություններում, այդ թվում նաև՝ ԵՄ-ում, կապվում է առաջնահերթ սպառողական զամբյուղի հետ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողը գոնե պետք է աղքատ չլինի»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի վերաբերյալ:
Պատգամավոր Աղվան Վարդանյանն այդ նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից հասցնել 80 հազար դրամի:
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ ներկայում օրենքով սահմանված 61 հազար դրամ նվազագույն զամբյուղը 2021 թվականի վերջին ավելացել է 20 %-ով և հասել է 75 հազար դրամի:
«Մինչև 2022 թ ավարտը եթե այս կառավարության և ԿԲ-ի խոստացած գնաճը լինի 5.5 %, ապա մենք ունենալու ենք 23 % նվազագույն զամբյուղի արժեքի աճ և մենք ասում ենք 17.6 %-ով գոնե նվազագույն աշխատավարձի անվանական չափը բարձրացնենք, որ մարդիկ էլ ավելի աղքատ չլինեն և չգործի այն բանաձևը, երբ ամեն հաջորդ օր՝ ավելի աղքատ են լինում, քան նախորդ օրը»,-հայտնեց պատգամավորը:
Նկատելով, որ պաշտոնական վիճակագրությամբ 300 հազար մարդ ստանում է մինչև սպառողական զամբյուղի արժեքը հասնող աշխատավարձ՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.«300 հազարը Հայաստանի աշխատողների կեսն է, հետևաբար արձանագրում ենք, որ ՀՀ-ի աշխատողների մոտ կեսը չափավոր աղքատներ են»:
Ավետիսյանը հայտարարեց, որ իրականության չի համապատասխանում Կառավարության պնդումը, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելուց գործազրկության աճ կլինի:
Նրա խոսքով՝ Աղվան Վարդանյանն առաջարկում է աշխատավարձի անվանական չափը գոնե բարձրացրեց 17.6 %-ով, որպեսզի խզումը շատ չավելանա և 300 հազարը չդառնա 400-500 հազար:
«Երբ կառավարությունը 2020-26 թվականների ծրագրով նախատեսել է նվազագույն աշխատավրձը հասցնել 85 հազար դրամի, ապա ստացվում է, որ այն ընդամենը բարձրանում է 25 %-ով, իսկ եթե նույնիսկ ձեր խոստացած գնաճն ապահովեք, ապա մինչև 2026 թ. այն ամենաքիչը 35 % միջին գնաճ է լինելու և 60%՝ սննդամթերքի գնաճ: Այսինքը 35 % իրական աշխատավարձն իջնելու է և դուք նախատեսել եք անվանական աշխատավարձը բարձրացնել 25 % ու ասում եք՝ սոցիալական պետություն ենք, կառավարություն ենք, մարդկանց մասին ենք մտածում»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի ՔՊ պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 80 հազար դրամի հասցնելու՝ Աղվան Վարդանյանի առաջարկությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք աղքատության որոշակի մակարդակ նաև աշխատող քաղաքացիների շրջանում. Աղվան Վարդանյան
- Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
- Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը՝ 70 հազար դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները