Կոնյակի և գինու գործարանից մոտ 270 լիտր կոնյակ գողանալիս բռնվել են
Ապրիլի 3-ի լուսադեմին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ու ՊՊԾ դասակի ոստիկանների աչալուրջ ծառայության արդյունքում գողության դեպք է բացահայտվե: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Օշական գյուղում գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանները նկատել էին երկու երիտասարդի, որոնք կոնյակի և գինու գործարանից գողություն էին արել և գողոնը տեղավորում էին «Նիսան» մակնիշի իրենց մեքենայում: Նրանք, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Բաժնում պարզվել է, որ երկուսն էլ Երևանի բնակիչ են:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 10 լիտր տարողությամբ պլաստմասսե տարաներ՝ լցված մոտ 270 լիտր կոնյակով, և դյուրալյումինե 12 դետալ:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- հայտնում են ոստիկանությունից: