Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ հայտարարություն
«Հայաստան» դաշինքը տարածել է հրահավաքի մասնակիցների հայտարարությունը, որում ասվում է․
«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին:
Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետևյալ հիմնարար սկզբունքներով.
- հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,
- բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,
- բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,
- քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,
- բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,
- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,
- չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,
- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։
Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։
Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։
Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար:
Ազատության հրապարակ
Ապրիլի 5, 2022թ.»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ
- Դուք այսօր վերջնականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն․ Իշխան Սաղաթելյան
- Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա․ Տիգրան Աբրահամյան
- Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է հանրահավաքին. Արմեն Աշոտյան
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ