Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են զուռնա–դհոլով
Այս գիշեր Հայաստան է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը։ Նրա հետ վերադարձել են նաև Եվրոպայի բրոնզե մեդալակիրները և Հայաստանի հավաքականի մարզչական կազմը։ Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են զուռնա-դհոլի հնչյունների ներքո։
Մալխաս Ամոյանին և մյուս մեդալակիրներին դափնիներ են հանձնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը։
«Ամեն մրցաշարի մեկնում եմ ոսկե մեդալի հետևից։ Այս անգամ էլ անձնական մարզիչներիս, հավաքականի մարզիչների, հորեղբայրներիս շնորհիվ լավ մարզավիճակում էի գտնվում և հաղթող ճանաչվեցի։
Երբ մրցաշարից հետո տեսնում ես, թե ինչպես է ժողովուրդն անդրադառնում այդ քո հաղթանակին, կրկնակի ուրախություն է քեզ պարգևում, ավելի ես պարտավորվում։ Զգացողություններս անբացատրելի են, չեմ կարող բառերով բացատրել։
Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, ամեն հաղթանակ իր դժվարություններն ունի։ Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի 77 կգ քաշային կարգում աշխարհի և Օլիմպիական խաղեր հաղթող դառնամ։
Եվրոպայի չեմպիոն հռչակվեցի Քառօրյա պատերազմի օրը։ Հաղթանակս նվիրում եմ Քառօրյայի հերոսներին, հայ և եզդի ազգերիին»,- news.am-ի հաղորդմամբ, օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Մալխաս Ամոյանը։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ապրիլի 1-3-ն անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):
Հարակից հրապարակումներ`
- Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է
- ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ
- Իմ հաղթանակը նվիրում եմ հայ և եզդի ազգերին. Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան