Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա․ Տիգրան Աբրահամյան
«Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «Հայ ժողովուրդ ոտքի» վանկարկումներով Ազատության հրապարակում շարունակվում է խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման գաղափարին, նշելով, որ այդ գաղափարի առաջին վատ պտուղները դրսևորվել են Արցախում։
Նրա խոսքով՝ այս ամենի հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցներն անվտանգային բավականին ծանր իրավիճակի մեջ են։
Աբրահամյանը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հայելային հետքաշման գաղափարը վերաբերում է ոչ միան Արցախին, այլև՝ Հայաստանին։
«Փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե՝ Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման գաղափարը։
Բոլոր այն մարդիկ, որոնք չեն պատկերացնում առաջնագիծը, սահմանային մարզերի և բնակավայրերի առանձնահատկությունները, միայն նրանք կարող են այսպիսի գաղափար առաջ քաշել։ Հայելային հետքաշման գաղափարն, ըստ էության, տարածքները խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մասն է կազմում։ Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը չունի այլընտրանք, քան արդիական, տեխնոլոգիական բանակ ունենալն է։
«Երբ մենք խոսում ենք մարտունակ բանակ ունենալու մասին, դրան ի պատասխան այս իշխանությունն ավելացնում է դատախազության, Քննչական կոմիտեի, ոստիկանության գումարները, որովհետև այս իշխանության համար կարևորը ոչ թե մեր քաղաքացու, Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությունն է, այլ սեփական իշխանության պահպանումը»,- ասաց Աբրահամյանը։
Նա նաև ընդգծեց, որ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում դեռ ոչ ոք չի նշանակվել, ինչպես նաև 1,5 տարի չկա ռազմաարդյունաբերության կոմիտեի ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է հանրահավաքին. Արմեն Աշոտյան
- «Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի Ազատության հրապարակ
- ՀՅԴ-ն Գլենդելում հավաք է անցկացրել՝ ի աջակցություն Երևանում կայանալիք այսօրվա հանրահավաքի