Մեծ պրեմիերա Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 14-ին տեղի կունենա Ա.Տերտերյանի «Սոմա.Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան, որը նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը Ռաֆայել Խաչատրյանը: Ներկայացման հագուստների հեղինակն է Ռուբինէ Հովհաննիսյանը: Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է: Մենակատարներն են՝ Սիլվա Պետրոսյան, Լուսինե Մակարյան, Ֆերդինանդ Մուրադյան, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան։
Օպերայի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից Panorama.am-ին տեղեկացնում են, որ «Սոմա.Կրակե օղակ» օպերային ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում Օպերային թատրոնում։
«Օպերա՝ խաղաղության, բարության, հաղթանակի և սիրո մասին. ահա այսպիսի սյուժե է պարունակում ներկայացման լիբրետոն: Այս օպերան յուրահատուկ է, այն պատմում է մարդու ներաշխարհի, սիրո մեծ էներգիայի մասին»,- նշում են Օպերայի և բալետի թատրոնից՝ հավելելով, որ օպերայի ծնունդից անցել է կես դար, սակայն, Ավետ Տերտերյանի ճշմարտությունն անընդհատ հաստատվում է, և սա այն բանի ապացույց է, որ Ավետ Տերտերյանը մեր արվեստի հանճարն է։