Այս չորս տարվա արհավիրքը ցույց տվեց՝ ինչքան կենսունակ էր մեր տնտեսությունը, որ դեռ դիմանում է. Ճշմարիտյան
«Որպես հասարակություն մենք պետք է ֆիսքսենք այն խնդիրը, որը մեզ համար առաջնային է, որի վրա պետք է բոլորս կենտրոնանանք»,- այս մասին «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքով՝ ռիսկերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար, գալիս են ոչ այնքան աշխարհում կատարվող իրադարձություններից, որքան՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակից։
Նախ, ըստ Կարեն Ճշմարիտյանի, Հայաստանի համար առաջնայինը անվտանգային հարցերն են։
«Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու թուրքական աշխարհի գայթակղությունը արդիական է, իսկ դա արդեն զուտ գոյաբանական վտանգի առաջ է կանգնեցնում Հայաստանին։ Չեմ կարծում, որ դա հաշվի չի առնվել նույն Ռուսաստանի կողմից, թեկուզ նույն Թուրքիայի կողմից, թե ինչպիսի հակահարված կարող է ստանալ, բայց այս պայմաններում գնալ ու խնդրել՝ եկեք խաղաղության դարաշրջան սկսենք, անհասկանալի է, քանի որ խաղաղության դարաշրջան նշանակում է խաղաղապահների հեռացում։
Կա՞ Հայաստանում մեկ հոգի, որ չի պատկերացնում, թե խաղապահների հեռացումն ինչ է նշանակում, դա ինչի կհանգեցնի Արցախում, իսկ դրանից հետո Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում , Արարատում, Տավուշում...դրանից հետո ի՞նչ Երևան։ Այսինքն՝ գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական ռիսկերին, նա նկատեց, որ պետք է վերլուծության միջոցով ցույց տալ, որ դրանք կապ ունեն անվտանգության հետ, իսկ դրանց չլուծելու դեպքում տնտեսական խնդիրներն ավելի խորանալու են։
«Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ռիսկերին, ապա պետք է ընդգծեմ՝ այս չորս տարվա արհավիրքը ցույց տվեց, թե ինչքան կենսունակ էր մեր տնտեսությունը, որ այս ամեն ինչից հետո դեռ դիմանում է։ Այն հարվածները, որ տնտեսությունը ստացավ տարբեր մանիպուլյացիաների ձևով՝ մասնավորապես ներդրումային մթնոլորտն ավիրելով, խոշոր ներդրողների մոտ մասկի շոուներ անելով։ Ներդրողը սիրում է անվտանգություն, խաղաղություն, բայց իրական, այլ ոչ թե թղթի վրա ստորագրած։
Բացի այդ, երբ տնտեսությունից ենք խոսում, մենք գիտենք Հայաստանի տարածքը քանի՞ քառակուսի կմ է։ Եթե այդ հաշվարկը չկա, տարածքը չունենք, ինչ տնտեսական հեռանկարի մասին կարող ենք խոսել։ Այսօր ռիսկերը շատ ավելի բարձր են, քան ընդհանրապես եղել են, քանի որ այդ ամենին գումարվել է նաև գոյաբանական վտանգը»,- ընդգծեց Կարեն Ճշմարիտյանը։