Հարություն Մնացականյան. Կառավարությունը չի կայացնում ֆորսմաժորային որոշումներ գյուղոլորտի վերաբերյալ
«Անասնակերի պակասի հետևանքով այսօր Հայաստանում տեղի է ունենում կենդանիների՝ խոշոր եղջերավորների, խոզերի, թռչունների մեծաքանակ մորթ»,- «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Նա ընդգծեց, որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացումը պահանջում է երկար տարիներ։
Ստեղված իրավիճակը Մնացականյանը պայմանավորում է նաև կառավարության անգործությամբ, որը քայլեր չձեռնարկեց անասնակեր հանդիսացող հացահատիկի գնի չբարձրացման համար, ինչպես նաև անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին սուբիսիդիաներ չտրամադրեց։
«Անցած տարի, երբ որոշվեց սերմացուի համար սուբսիդավորում չիրականացնել, շատերը սերմ չներկրեցրին։ Արդյունքում այսօր ունենք սերմացուի մեծ դիֆիցիտ՝ չկա գարնանացան գարու, եգիպտացորենի սերմ»,-ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրները թվարկեց ու նկարագրեց գյուղատնտեսը։
Նրա կանխատեսումներով, իրավիճակը շատ կբարդանա, եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի մինչև մայիս ամիս։ Ուկրաինան հանդիսանում է ձեթի խոշոր արտադրող, եթե չկարողանա արևածաղիկի ցանք կատարել, ապա առաջիկայում կլինի բուսական յուղի մեծ գնաճ ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում։ Բացի այդ, վատ կանխատեսումներ կան հացահատիկի բերքի մասով։
Հայաստանը ևս կունենա հացահատիկի խնդիր մի քանի պատճառով, արդեն անցած տարի բերքի ծավալը կիսով չափ կրճատվել է, ընկել է հողի բերքատվությունը, 200 հազար հա հողատարածք չի մշակվում, կորցրել ենք Արցախի գյուղատնտեսական նշանակության 90 հազար հա հողերը, որոնցում աճում էր մինչև 150 հազար տոննա հացահատիկ։
«Մենք հայտնվել ենք ցայտնոտային իրավիճակում, չկան նաև 0 տոկոսով վարկերը։ Նման իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է անընդհատ ֆորսմաժորային, արագ որոշումներ կայացնի։ Իսկ դա չի արվում, որովհետև չունենք գյուղատնտեսության նախարարություն, որը փակել են։ Բարդ տարի է սպասվում։ Հույս ունեմ, որ նախարարությունը կբացեն ու արագ այս քայլերը կիրականացնեն»,-ասաց նա։
Մնացակայանն ընդգծում է, որ գյուղատնտեսության զարգացման թիվ մեկ նախապայմանը ոռոգման համակարգի բարելավումն է, մինչդեռ Հայաստանն աշխարհում ունի ջրային ռեսուրսների ամենամեծ կորուստը՝ 70 տոկոս։
«7 մլրդ խմ ջրից 5 մլրդ խմ-ն կորցնում ենք վատ մենեջմենթի հետևանքով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս չորս տարվա արհավիրքը ցույց տվեց՝ ինչքան կենսունակ էր մեր տնտեսությունը, որ դեռ դիմանում է. Ճշմարիտյան
- Թադևոս Ավետիսյան. Այս իշխանության շնորհիվ մենք խոսում ենք ոչ թե լավ ապրելու, այլ առհասարակ ապրելու մասին
- Մելքումյան. Դուք տեսե՞լ եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, պահանջի նպաստի, թոշակի բարձրացում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին