Նախագիծը հետաձգում եմ երկու ամսով, գնացե՛ք, լրամշակե՛ք պատշաճ կերպով ներկայացրե՛ք հանձնաժողովին. Վահե Հակոբյանը՝ փոխնախարարին
«Քանի որ ընդամենը մեկ ժամ առաջ ու ոչ պատշաճ կերպով է մեզ ներկայացվել նախագիծը և հանձանաժողովը չի հասցրել ծանոթանալ նրա հետ, այն ֆիզիկապես էլ հնարավոր չէր անել, այդ պատճառով էլ նախագիծը հետաձգում եմ երկու ամիս: Գնացե՛ք, լրամշակե՛ք պատշաճ կերպով ներկայացրե՛ք հանձնաժողովին»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հերթական նիստում դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:
Վահե Հակոբյանի որոշումը վերաբերում էր նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին:
Հովհաննես Հարությունյանը բացատրեց, որ նախորդ օրը փորձագետների կողմից օրենքում տարբեր ձևակերպումների խնդրանք ու պահանջ է եղել և ուշացման պատճառը միայն դա է եղել:
«Այսինքն՝ մեզանից կախված չի եղել, եղել են դիտարկումներ, որոնք ուզեցել ենք ոչ թե առաջինից երկրորդ ընթերցում լրացնել, այլ մինչև առաջին ընթերցումը»,- հայտնեց փոխնախարարը և առաջարկեց հնարավորության դեպքում չհետաձգել նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ այս ոլորտն ամենակարևորն է և անթուլատրելի է նման մոտեցումը:
Հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ նախագիծը փետրվարի 14-ից ԱԺ կայքում է, միայն փոփոխություններն են նոր հայտնվել և նկատեց՝ նման ընթացակարգ չկա, որ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նախագիծը հետաձգվի և միակ միջոցը քվեարկությամբ մերժելն է:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը փաստեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով լրամշակված տարբերակը իրավունք ունի հետ ուղարկել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը փորձեց ներկայացնել, թե նախագիծը լրամշակված չէ, այլ մի քանի տերմինի փոփոխություն է եղել:
Այդ հիմնավորումը չընդունվեց հանձնաժողովի նախագահի կողմից և կառավարության ներկայացուցիչը ստիպված ներկայացրեց հիմնական նախագիծը՝ առանց լրամշակման:
Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ նախագծով Ընդերքի օրենսգրքում կարգավորվել են մի քանի կարևոր եզրույթներ, որոնք մինչև հիմա կարգավորված չեն եղել և վերաբերում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցմանը, ինչպես նաև կարգավորվում է անհաղթահարելի ուժի հետ կապված խնդիրները՝ հստակեցնելով ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպության և պետության իրավահարաբերություները:
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին և նախագիծն ընդգրկեցին ԱԺ օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան