Խաղաղության պայմանագիրը՝ այս իրավիճակում և այս պայմաններով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում. Դավիթ Գալստյան
«Թուրքիան ու Ադրբեջանը՝ դաշնակցաբար, շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների»,- Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա նշել է, որ 44 օր մեր դեմ պատերազմ վարած 2 պետություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ, արդեն 1,5 տարի է շարունակում են իրենց հանցագործությունը, արդեն ոչ թե պատերազմական բացահայտ գործողություններով, այլ հիբրիդային պատերազմի միջոցով:
«Արցախում գնալով վիճակը բարդանում է, մի կողմից տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում և նոր դիրքեր զբաղեցնում, մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը և անկումային տրամադրությունները։ Հուսով եմ, որ մենք գիտակցում ենք, որ կանգնած ենք դժվարին մարտահրավերների առջև` ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին: Այո, ծանր վիճակում է հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Հուսով եմ, որ գիտակցում ենք նաև, որ Արցախի փրկության ու պետություն ունենալու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա, հայի՝ հայ մնալու և ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա՝ այլընտրանք չկա»,- հայտարարել է Դ. Գալստյանը։
Նա նշել է, որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի և մնա հայկական, պարտավոր են փոխել և պետական, և կառավարման առաջնահերթությունները, պարտավոր են փոխել իրենց։
Խնդիրները, որոնց հիմա առնչվում ենք, կարող էին չլինել, եթե ժամանակին և
Արցախում, և՛ Հայաստանում ձևավորվեր նոր որակի իշխանություն, որի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Դ.Գալստյանը։
Անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու հայտարարություններին, նա ընդգծել է, որ դա կեղծ օրակարգ է. «Խաղաղության պայմանագիրը՝ այս իրավիճակում և այս պայմաններով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը նշանակելու է դառնալ Նախիջևան։ Կարելի է ենթադրել նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից: Իսկ մենք կարծում եմ հասկանում ենք, որ մեր հայրենի հողում այսօր անվտանգ ապրելու և արարելու հիմնական երաշխավորը մեր պաշտպանության բանակի հետ մեկտեղ հանդիսանում է ՌԴ-ն` իր խաղաղապահ առաքելությամբ:
Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է անցնենք ակտիվ աշխատանքի փուլ: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք ժամանակ չունենք դանդաղելու և պետք է օր առաջ պատրաստ լինենք այս ամենին: Անհրաժեշտ է անվտանգային համակարգի վերափոխում և վերապատրաստում,ռուս խաղաղապահների զորախմբի թվաքանակի ավելացման գործընթացի աջակցում և հիմքերի ստեղծում, հոսանքի, գազի, կապի ալտերնատիվ եղանակների ներդրում, դիվանագիտական դաշտի ակտիվացում և այսպես շարունակ»։
Ըստ ընդդիմադիր գործչի, անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Արցախի միջև ուղիղ հարաբերությունների գործընթաց, պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ՝ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով՝ Հայաստան-Ռուսաստան-Արցախ ձևաչափով, որտեղ պետք է բարձրաձայնվի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը։
«Աշխարհը պետք է տեսնի, և զգա, որ մենք չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք պայքարելու հանուն Արցախի հայկական ապագայի»,- հայտարարել է Դավիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ
- Օրեցօր թշնամական կողմի ավելացող ահաբեկչական գործողությունները հաստատում են՝ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է. Մ.Հակոբյան
- ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան