Չի կարելի այս պատմական շրջանում երկիրը թողնել արկածախնդիր կիսագրագետների հույսին. Էդգար Ղազարյան
«Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի ԱԳ նախարարությունում ստեղծված փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի իշխանություններն առարկություններ չունեն։ Սա նշանակում է, որ իրենք, ըստ էության, միասին են գրել այդ փաստաթուղթը, կամ իրենց շահերը համընկնում են այդ հարցում»,- «5165» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ պատմական փաստ է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայկական կողմին փոխանցել է 5 կետից կազմված առաջարկություններ, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար հայտարարել են՝ դրանց վերաբերյալ առարկություններ չունեն։
«Մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջան է։ Այն, ինչ հիմա են պատրաստվում անել, ղարաբաղյան խնդրի լուծմանը վերաբերող կապիտուլյացիա է, սա պետք է կանխել բոլոր հնարավոր ձևերով։ Իրական կապիտուլյացիան հիմա է մեզ սպասվում, ոչ մի կերպ դա չպետք է թույլ տալ»,- ասաց Է. Ղազարյանը։
Նրա խոսքով, այսօր Արցախը մնացել է միայնակ, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանն իրենք են նույնացրել իրենց դիրքորոշումները. «Սրանց դիրքորոշումները նույնն են ու ուղղված են Արցախի ժողովրդի դեմ, Արցախի ժողովրդի անվտանգության դեմ»։
Ղազարյանն ասաց, որ խաղաղ բանակցային գործընթացը դադարել է 2018 թ. մայիսի 9-ից։
«Իրենք խոսում են՝ խաղաղության դարաշրջան բացվի, իրենք պաշտոնապես հայտարարում են, որ կա պատերազմի վտանգ։ Այս իշխանությունը պատերազմ է բերել Հայաստան, պատերազմ է բերել Արցախ, նորից բերելու է, իրենց զիջումները, իրենց տրամադրությունները միայն ուժեղացնում են Ադրբեջանի դիրքերը, հետևաբար պետք է խափանել»,- նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։
Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ այս մարդիկ կործանել են հայկական երկու պետությունները, տանում են հետագա կործանման, դրա համար մեկ օր շուտ Փաշինյանն ու իր թիմը պետք է վռնդվեն իշխանությունից։
«Կորցնում ենք ոչ միայն Արցախը, նաև Հայաստանը։ Չի կարելի այս պատմական ժամանակաշրջանում մեր երկիրը թողնել այսպեսի արկածախնդիր կիսագրագետների հույսին»,- ասաց Է.Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փառուխում տեղի ունեցածը կոչվում է հայելային հետքաշում Փաշինյանի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան
- Չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել, հանձնելու որևէ բան չունենք. Վրթանեսյան
- Ուղերձ Երևանի կենտրոնից՝ դեպի Բրյուսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան