Թադևոս Ավետիսյան. Այս իշխանության շնորհիվ մենք խոսում ենք ոչ թե լավ ապրելու, այլ առհասարակ ապրելու մասին
«Այս իշխանության «շնորհիվ» մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավեճը դարձավ ոչ արդիական։ Մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին»,-ասաց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը մասնակցում է «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկմանը։
Պատգամավորը հիշեցնում է կառավարության վերջին նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ սոցիալական խնդիրներն առաջնային չեն։
«Ասում է՝ ամեն ինչ շատ վատ է, բայց սոցիալական խնդիրները չեն կարևոր։ Այ սա է ամենավտանգավորը։ Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ոչ ժամանակ, ոչ տրամադրություն, ոչ էլ մեծ հաշվով իրավունք ունենք։ Մենք խոսում ենք ապրելու մասին։ Վտանգված է մեր ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսկած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում ապրելու իրավունքը»,-նշեց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ այս պայմաններում շատ դժվար է խոսել տնտեսական քաղաքականության մասին։
Նրա խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։
«Սա փաստ է, որի մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող այդ մասին խոսել, քանի որ ի վերջո վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական երկրում վախվորած, անընդհատ զիջումներով, «կարող է առավոտյան զարթնենք, ու մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք թշնամու կողմից զավթած» մտավախությամբ ապրելը»,-ընդգծեց բանախոսը։
Գոհատևման խնդրին եթե գումարվում է սոցիալական ու կենցաղային հարցերի չլուծվելը, ապա, ըստ Ավետիսյանի, դա բերում է առավել վատ հետևանքների, օրինակ մեծ թափով արտագաղթի։
«Իսկ մեր անվտանգության դոնորը մեր տնտեսությունն է, մարդկանց հավաքական ուժը, որ արժեք է ստեղծում, դրանով հանրային բարիք են ստեղծում, ապրելու միջավայր ձևավորում։ Ահա մեր անելիքը պետք է լինի միավորվել ու ապահովել ապրելու՝ անկախ ապրելու իրավունքի իրացումը»,-ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, այս իրավիճակում հետևանքների համար իշխանությունը չի ստանձնում պատասխանատվություն, անընդհատ ուրիշն մեղավորներ է գտնում, առաջնորդվում է պոպուլիզմով, ինչի պատճառով էլ մարտահրավերները բազմապատկվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան