Սերգեյ Կոպերկին. Շատ սերտ հարաբերություններ են կապում Ռուսաստանին և Հայաստանին
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է համերգ և լուսանկարչական ցուցահանդես նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին:
«Դոմ Մոսկվի»-ից հիշեցնում են, որ այս տարի լրանում է նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
«Վերջին 30 տարիների ընթացքում մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան: Մենք սերտորեն փոխկապակցված ենք, ռազմավարական գործընկերներ ենք և մասնակցում ենք նույն ինտեգրացիոն միավորումներին։ Իսկապես, շատ սերտ հարաբերություններ են կապում Ռուսաստանին և Հայաստանին», - ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն։ Այդ հարաբերություններն, որոնք ակտիվորեն զարգանում են, ընդգրկում են բոլոր ոլորտները՝ անվտանգությունից մինչև մշակույթ, կրթությունից մինչև տնտեսություն։ Հուսով ենք, որ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված ցուցանիշները կավելանան», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Համերգի աջակիցներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:
Երաժշտական ծրագիրը ներառում էր Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնակահար), Սոնա Բարսեղյանի (դաշնակահար), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Հայկ Տիգրանյանի(բարիտոն) կատարմամբ հնչեցին անմահ ստեղծագործությունները:
Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից: