Ուղերձ Երևանի կենտրոնից՝ դեպի Բրյուսել
«5165» շարժումը Հայաստանից՝ կառավարության մոտից, ուղերձ է հղում դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերը Արցախի ժողովուրդն է և ոչ ոք, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովորդի անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ կամ անելու որևէ հայտարարություն, որն այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին։ Կառավարության մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց «5165» շարժման համահիմնադիրներից Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ այս ակցիան Արցախի անկախության ճանաչման պահանջով է, նաև իրենց բողոքն են արտահայտում ՀՀ գործող իշխանությունների կողմից Արցախի հարցում իրականացվող ադրբեջանանպաստ քաղաքականության դեմ, հատկապես դրա համատեքստում այն եռակողմ հանդիպման, որ այսօր տեղի է ունենում Բրյուսելում։
Մ. Սողոմոնյանն ասաց, որ Արցախի Հանրապետության ԱԺ-ի երեկ ընդունած հայտարարության, երեկ Ազատության հրապարակում ՀՀ ընդդիմադիր դաշինքների կազմակերպած հանրահավաքում հնչեցրած պահանջների ու իրենց օրակարգի միջև կա նմանություն, հստակ կապ, ինչը ողջունելի է։
«Այսինք, ընդհանուր առմամբ, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում կա արթնացում, առաջ են քաշվում օրակարգեր, որոնք բոլորը վերաբերում են Արցախի փրկությանը, Արցախն օրհասական վիճակից հանելու օրակարգին։ Միաժամանակ պետք է ասել, որ Հայաստանն ինչպես կարող է երաշխավոր լինել Արցախի անվտանգությանը, առանց այն ճանաչելու։ Հետևապես, այս տեսանկյունից ևս վերահաստատում ենք մեր պահանջը Հայաստանի գործող իշխանություններին, առաջին հերթին ճանաչելու Արցախի Հանրապետությունը, աշխատանքներ տանել դրա միջազգային ճանաչման ուղղությամբ, պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից հավատարիմ մնալ ֆորմատի շրջանակներում իրենց ստանձնած պարտավարություններին և Ադրբեջանին բերել կարգավորման դաշտ»,- ասաց Մ.Սողոմոնյանը։
Շարժման համահիմնադիրներից Կարին Տոնոյանն ասաց, որ Ադրբեջանը, ի դեմս նախագահ Ալիևի, հայտարարում են, որ չկա այլևս Լեռնային Ղարաբաղ։
«Իրենք ճիշտ են, չկա այլևս ԼՂ, կա Արցախի Հանրապետություն, կա հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում ապացուցելու, որ ինքն էլ ապրելու, ինքնորոշման իրավունք ունի։
Առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն։ Սա պետք է հասկանա յուրաքանյուր հայ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է Նիկոլ Փաշինյանի,Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։