Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից կբխի F-16-երի վաճառքը Թուրքիային
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար:
Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններին՝ թուրք-ուկրաինական կապերը ռազմական ոլորտում որակվում են որպես «կանխարգելիչ միջոց՝ տարածաշրջանին վնաս հասցնող գործողությունների հարցում»:
Պետքարտուղարությունն այս նամակով պատասխան է տրվում մի քանի կոնգրեսականների նամակ-դիմումին, որով նրանք Ջո Բայդենի վարչակազմին կոչ էին անում չվաճառել այդ կործանիչները Թուրքիային:
Դեռևս 2021թ.-ի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 40 միավոր F-16 կործանիչ։
Հիշեցնենք, որ 2019-ին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի մեկ տասնյակ անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 ռազմական օդանավեր գնելու, ինչպես նաև իր սպառազինությունում ունեցած 80 միավոր F-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար: