Մեզ կոչ են անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են. բռնագաղթած հադրութցի
«Մենք ստորագրահավաք ենք ձեռնարկել, որին միացել է արդեն 2500-3000 մարդ, որով ասում ենք, որ հետևողական ենք լինելու մեր բարձրացրած պահանջներին, որոնք բխում են Հադրութ, Շուշի և Արցախի բռնազավթած մեր հայրենի բնակավայրերը վերադտանալու պահանջից»,-կառավարության շենքի դիմաց Արցախից բռնագաղթածների կազմակերպած ցույցի ժամանակ լրագրողներին ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրյանը:
Նա նկատեց, որ քիչ են հավաքվել, քանի որ եղանակային պայմաններից ելնելով տարբեր մարզերում բնակվող բռնաքաղթածներին չեն ցանկացել բերել Երևան, բայց նրանք իրենց ստորագրությամբ հաստատել են, որ միանում են փաստաթղթի պահանջին:
«Մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք՝ Հադուրթ, Շուշի, Քարվաճառ, բոլոր բռնազավթած տարածքներ, սա է պահանջը, դրա համար պետք է համայնքը պահպանենք, իսկ դրա համար էլ՝ իրար գլխի հավաքված լինենք»,-ասաց Լևոն Հայրյանը և նշեց, որ եթե Արցախ չեն վերադառնում, ապա Հայաստանում էլ իրենց համար համայնք ստեղծեն, որ բռնագաղթածներն իրենց երեխաներին ու թոռներին էլ բացատրեն, որ վերադառնալու են հայրենիք:
Նկատելով, որ այդ խնդրի լուծումը կարող է տարիներ ձգվել՝ հադրութցին ասաց, որ իրենք պետք է մտածեն նաև օրվա ապրուստի մասին:
«Եթե մենք, ինչպես 90 ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, ցրվենք, ապա մենք մեր հայրենիքը չենք տեսնելու այլևս»,-ասաց Հայրյանը և, փաստելով, որ Մոսկվայում, Հունաստանում, Իտալիայում ապրող շահումյանցին չի կարող իր զավակներին բացատրի, որ պետք է վերադառնա իր հայրենիքը, ասաց. «Այսօր վերադառնալ հնարավոր չէ, մեզ կոչ են անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են»:
Հայտարարելով, որ Արցախ իրենց վերադառնալու երաշխիքներ չեն տալիս՝ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահն ասաց, որ Հայաստանում իրենց համայնք չտալու այլընտրանքը լինելու է այլ երկրներ իրենց մեկնելը:
«Մեր պետությունը, քաղաքական դասը չի հայտարարում Արցախի բնակչության պաշտպանության մասին, բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբերի 9-ի թղթի սազանդարները, որի վերջն էլ այն է, որ Արցախը պետք է տանք Ադրբեջանին, քանի որ դրա երաշխավորները՝ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում, դե Ալիևն էլ ասում է, որ Երևանն էլ է Ադրբեջան»,-ասաց Լևոն Հայրյանը:
Նրա խոսքով՝ բռնագաղթածների պատրաստած պահանջների մեջ կա նաև սոցիալական պահանջ, որպեսզի նրանք սոված չմնան:
«Մեր պահանջներեն են՝ մոտ կամ հեռու ապագայում մեր՝ Արցախ վերադարձ և Արցախի վերադարձ Հայաստանի գիրկ, երկորդ՝ փախստականի կարգավիճակի ճշտում, որը մեր համար ունի քաղաքական ենթատեքստ և նրա համար չէ, որ սոցիալական ապահովություն ստանանանք»,-հայտարարեց բռնագաղթած հադրութցին և բացատրեց, որ այդ կարգավիճակը նրա համար չէ, որ լքեն Հայաստանը, այլ քանի որ ՀՀ իշխանությունները 2020 թվականի ագրեսիան չի դատապարտում, ապա բռնագաղթածներն այդ կարգավիճակով ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ իրենց Արցախից քշել են:
Լևոն Հայրյանը պնդեց, որ օրվա իշխանությունները պետք է հեռանան, քանի որ իրենց մնալը վնաս է հայ ժողովրդին և հայկական պետականությանը, իսկ իրենք իրենց իրավունքների համար նախատեսել են նստացույց անել:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ
- Հադրութցի կին. Թողել եմ ամենալավ վարձատրվող աշխատանքը, գլուխս առել փախել, որ չխելագարվեի
- Արցախը բռնագաղթածներին կգայթակղի միայն այն ժամանակ, եթե սկսվի ազգային ազատագրական պայքար.Հադրութցի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին