Պատահար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 05։40-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ZIL» (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1958 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Է. Մ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Մ.-ինը՝ բավարար։