Արսեն Բաբայան. Նշված առաջարկություններս ընդունվելու դեպքում պատրաստակամություն եմ հայտնել մասնակցել
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այսօր մասնակցել եմ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննրկմանը։
Նախագծով Խորհուրդն առաջարկում է, որ աուդիտորական կազմակերպության ընտրությունը կատարվի Խորհրդի կողմից նշանակված մրցութային հանձնաժողովի կողմից, քվեարկության միջոցով։ Նախագծով մրցութային հանձնաժողովի կազմում առաջարկվում է ընդգրկել կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամների և նույն խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչներին։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է, որ մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում քվեարկության ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահի քվեարկության ձայնը համարվի վճռորոշ, այսինքն՝ առավելություն տրվի նախագահի քվեարկությանը։
Այս առնչությամբ ներկայացրել եմ հետևյալ առաջարկությունները.
1) Բացառել մրցութային հանձնաժողովի նախագահի քվեարկությանն առավելություն տալուց։ Սա հնացած և ժողովրդավարության իմաստով երբևէ իրեն չարդարացրած մոդել է։ Եթե քվեարկությամբ ձայները կբաշխվեն հավասար, ապա որոշումը չի համարվի ընդունված, քանի որ ապահովված չի լինի կողմ ձայների համար անհրաժեշտ մեծամասնության քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահի մեկ ձայնին առավելություն տալը կարող է առաջացնել բացասական ռիսկեր, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ այդպիսի կարգավորումներից։
2) Մրցութային հանձնաժողովը առավել թափանցիկ և հանրային իմաստով մասնակցային դարձնելու և այդպիսով դրա նկատմամբ վստահության գործակիցն ավելացնելու նպատակով՝ հանձնաժողովի կազմը մեծացնել և դրանում ընդգրկել նաև մասնագիտական, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների։
Նշված առաջարկություններս ընդունվելու դեպքում պատրաստակամություն եմ հայտնել մասնակցելու այս նպատակներին հասնելու ուղղությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան