Պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ լայն հանրության համար այն բաց է ապրիլի 7-ից:
«Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:
Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է: Այս շարքը հնարավորություն է տալիս նաև զարդարվեստի միջոցով պատկերացում կազմելու հայ ինքնության մասին հասարակական տարբեր շերտերում և մակարդակներում: Զարդերը՝ որպես մշակութային երևույթ, իրենց խորհրդանշական և ներկայացուցչական առանձնահատկություններով կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:
Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:
«Սա նաև յուրօրինակ հաղորդագրությամբ հետաքրքիր նվեր է Մայրության և գեղեցկության տոնին՝ անցյալից դեպի ներկա շատ երևույթների նորովի նայելու, արժևորելու առումով»,- ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Նա իրազեկել է, որ գրեթե ամեն շաբաթ թանգարանը հրավիրում է բանախոսի, որը ընթացիկ ցուցահանդեսի շրջանակում բացահայտում է որոշակի շերտեր՝ նոր դիտանկյունից ներկայացնելով տվյալ դարաշրջանն ու ցուցադրվող նմուշները:
Նշենք նաև, որ «Դրվագներ ինքնության» շարքի ավանդույթը կշարունակվի նաև այլ ցուցադրություններով»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան