ՀՀԿ-ական Լիլիթ Բեգլարյանը Փարիզում է միջազգային պատվիրակության կազմում
Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Փարիզում է տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում է ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը։
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցը կազմակերպվել է Ռոբերտ Շուման ինստիտուտի և համանուն հիմնադրամի կողմից։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահի երկու թեկնածուների գրասենյակներում՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀԿ գործընկեր կուսակցության՝ Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսի։
Պատվիրակության անդամները տեղում կծանոթանան ընտրությունների դինամիկային, քաղաքական ենթատեքստին, քարոզարշավի ընթացքին։ Կայցելեն նախընտրական շտաբեր՝ հանդիպելու փորձագետների հետ և տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։