«Ես չեմ պատրաստվում անգրագետ հարցերին պատասխանել», «Անգրագետը դուք եք». Վահան Քերոբյան-լրագրող երկխոսություն
«Համենայնդեպս, կառավարությունը և քաղաքական թիմն իր նախընտրական ծրագրում նշել է, որ իր օրակարգը խաղաղությունն է, այդ օրակարգով ենք ընտրվել և ՀՀ քաղաքացիները իրենց քվեն տվել են խաղաղության օրակարգի օգտին, որը և, ինչպես նշեց վարչապետը, մենք հետևողականորեն առաջ ենք տանում»,- պատասխանելով Արցախը Ադրբեջանի կազմում մնալ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրման դեպքում իր պատասխանատվության գիտակցմանը վերաբերյալ հարցին՝ կառավարության ճեպազրույցների սրահում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վերջինս չարձագանքեց լրագրողի այն դիտարկմանը՝ ժողովուրդը իշխաությանը քվե չի տվել, որ Արցախը հանձնելու միջոցով խաղաղություն հաստատեն:
Էկոնոմիկայի նախարարը սկսեց գյուղատնտեսությունից խոսել՝ նշելով, որ, օրինակ, Հայաստանում սերմնացուների անբավարարության վտանգներ կային, բայց ՌԴ-ի գործընկերների հետ կարողացել են չեզոքացնել դրանք։
Նրա խոսքով՝ այդ ռիսկերը միշտ էլ եղել են և հիշեցրեց, որ նախորդ տարի Լարսի անցակետի փակման պատճառով սերմնացուն ուշ էր հասել Հայաստան:
Վահան Քերոբյանը համաձայնեց, որ կերի պակասի պատճառով ընտանի թռչուններին և անասուններին են մորթում և տեղեկացրեց, որ խնդրին միջանկյալ լուծում տվել են, բայց առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ նորից այդ հարցը կքննարկի:
Նախարարը հայտնեց, որ այսօր առաջնայինը պարենային անվտանգությունն է և գյուղացիներին կոչ արեց «լայն հողային մակերեսներ մշակել»՝ վստահեցնելով, որ իրենց արտադրանքն անպայման լավ գնով կվաճառվի:
Ըստ Քերոբյանի՝ այն դեֆիցիտը, որը միջազգային շուկաներում կա, թույլ է տալի վստահորեն ասել, որ գյուղացիների համար իրենց արտադրած բերքի գինը լինելու է լավը և ինչքան շատ մշակեն, այնքան մեծ օգուտ կունենան:
«Սուբսիդավորում ենք գյուղացիների գարնանացանը, իրենք ցանում, մշակում են, գոհ են կառավարությունից, բայց վերջում արդյունք չկա ու այն տարեցտարի նույնն է, քանի որ գլոբալ տաքացման հետևանքով տեղումների քանակն ամռան ընթացքում կտրուկ նվազել է և անցած տարվա ընթացքում Հայաստանում միջին ջերմաստիճանը 2.5 աստիճանով նորմայից բարձր է եղել»,- հայտնեց Էկոնոմիկայի նախարարը և հավելեց. «Ես այն մարդը չեմ, որ ստիպեմ կամ մղեմ գյուղացիներին անել մի բան, որը վերջում իրենց համար լինելու է վնասաբեր»։
«Հրապարակ» թերթի լրագրողը նախարարին հարցրեց, թե գնաճի ինչ միտումներ կան, ինչին ի պատասխան Վահան Քերոբյանը նշեց, որ երկու օր առաջ՝ ապրիլի 5-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակել է վիճակագրական տվյալները գնաճի վերաբերյալ, որը կա նաև էկոնոմիկայի նախարարության թելեգրամյան ալիքում։
«Մենք էլի վերադառնում ենք ձեր աշխատանքային մակարդակի հարցին: Հրապարակվել է ինֆլացիայի թիվը, բարի եղեք կարդացեք և պատրաստ եկեք այստեղ, անընդհատ խոսում ենք այդ մասին՝ դուք անպատրաստ գալիս եք հարցուպատասխանի»,- ընդգծեց Քերոբյանը։
Լրագրողն էլ արձագանքեց՝ ճեպազրույցը նրա համար է, որ այդ հարցերի մասին հարց տան պաշտոնյային և նրա խոսքը հասցնեն այն քաղաքացիներին, որոնք պաշտոնական տեղեկատվություն չեն կարդում, կամ չունեն հասանելիություն թելեգրամ ալիքներին:
«Ես չեմ պատրաստվում անգրագետ հարցերին պատասխանել»,- նշեց Քերոբյանն ու հեռացավ:
Լրագրողն էլ իր հերթին արձագանքեց. «Անգրագետը դուք եք, մի վիրավորեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան