Հաստատվել են բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անվճար տեղերը
ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
2927 անվճար տեղ` բակալավրի համար
2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության համար հատկացվել է 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին:
ԿԳՄՍՆ բուհերին տրված 1943 անվճար տեղերից 1105-ը (56,9%-ը) կտրամադրվի բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, որից 414-ը (37,5%-ը)՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտություններին: Նշենք, որ այս ուսումնական տարում 100-ով ավելացվել են բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար տեղերը:
Նախորդ տարիների նման այս տարի ևս ընդունելության առանձին տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:
ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 421, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին` 55 (3 տեղ՝ Արցախին), ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային` 60 տեղ (5 տեղ՝ Արցախին): ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար սահմանվել է 245 տեղ, այդ թվում` 20 տեղ՝ Արցախի Հանրապետությանը: Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետության համար հատկացվել է 60 տեղ:
Օտարերկրյա քաղաքացիների համար հատկացվել է 83 անվճար տեղ, որից սփյուռքահայ դիմորդներին հատկացվել է 70, օտարերկրյա քաղաքացիներին՝ 13 տեղ (միջպետական պայմանագրերի շրջանակում ուսուցման նպատակով):
Վճարովի ուսուցման ընդունելության համար բակալավրի կրթական ծրագրով հատկացվել է 22300 տեղ:
1416 անվճար տեղ՝ մագիստրատուրայի համար
Մագիստրատուրայի կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ տրամադրվել է 1416 տեղ, որից 1101-ը` ՀՀ պետական բուհերին: 2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի (մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ֆիզիկական գիտություններ, գիտություններ երկրի մասին և շրջակա միջավայր, կենսաբանական գիտություններ) մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը, 2021-2022 ուստարվա հետ համեմատած, ավելացել է 22 տեղով:
Մագիստրոսի կրթական ծրագրով Արցախի Հանրապետության համար հատկացվել է 30 տեղ:
Եվս 23 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:
151 առկա և 35 հեռակա անվճար տեղ` ասպիրանտուրայի համար
Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:
Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Նույն ուղղությանը կհատկացվի նաև հեռակա ուսուցման 35 տեղերից 20-ը (57.14%-ը): Անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:
Արցախի Հանրապետության և պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են ուսուցման 2 առկա և 6 հեռակա անվճար տեղեր: