Վարուժան Գեղամյան. Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություններ հաստատելուն կողմ չէ
Թյուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահեղինակ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Այսօր հրապարակվեցին Հայաստանում անցկացված հանրային կարծիքի հերթական հարցման արդյունքները (MPG ընկերության կողմից), որում անդրադարձ կա նաև հայ-թուրքական հակամարտությանը։
Մասնավորապես, այն հարցին, թե «կո՞ղմ եք Թուրքիայի հետ առանց նախապայմաններ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը», մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը՝ 68% պատասխանել է, որ դեմ է (որից 59,3%-ը միանշանակ դեմ է, իսկ 8,7%-ը՝ ավելի շուտ դեմ)։
Հիշեցնեմ, որ նախորդիվ անցկացված բոլոր հարցումները ևս այս թեմայի վերաբերյալ մոտավորապես նույն արդյունքներն էին ցույց տալիս. Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություններ հաստատելուն կողմ չէ և Թուրքիային դիտարկում է որպես սպառնալիք (այս մասին տե՛ս իմ մանրամասն գրառումը՝ https://t.me/varuzhandragoman/1007)։
Ավելին, այս և այլ նմանատիպ հարցումները հերթական անգամ ապացուցում են, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունների բերած անհեթեթ օրակարգը «խաղաղության դարաշրջանի» մասին ոչ միայն չի արտահայտում հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը, այլև որևէ կերպ կապ չունի հայության առաջնահերթ օրակարգի հետ։
Այլ բառերով՝ դա Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրած օրակարգն է կապիտուլիացիոն խմբավորմանը։ Հիշեցնեմ նաև, որ վերջիններս Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու իրենց դավաճանական մղումն արդարացնում են ժողովրդի ցանկությամբ՝ հղում կատարելով գոյություն չունեցող հարցումների, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է (այդ մասին տե՛ս մանրամասն գրառումներս՝ https://t.me/varuzhandragoman/1060 և https://t.me/varuzhandragoman/1093)։
Ըստ նույն հարցման արդյունքների՝ «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ» հարցին հայ հասարակության ճնշող մեծամասնությունը (57,2%-ը) պատասխանել է բացասական»։
Հարակից հրապարակումներ`
- Հարցումները հերքում են Արարատ Միրզոյանի հայտարարությունները. Թուրքիայի հետ համագործակցությունը հայաստանցիները սպառնալիք են դիտարկում
- Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցին ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան