Վճռաբեկ դատարանի որոշումները՝ Փաշինյանի, Միքայելյանի և Արզումանյանի վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով։ «Փաստինֆո»-ն գրում է, որ Վճռաբեկ դատարանը՝ դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով բեկանվել է Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ 2008թ մարտի 1-ի անկարգությունների գոևծով: Վճռաբեկը ճանաչել և հռչակել է Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում, իսկ վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:
Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հիմքում դնելով ՄԻԵԴ որոշումը՝ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
«Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտված Սասուն Միքայելյանը և Ալեքսանդր Արզումանյանը նույնպես արդարացվել են։
Վճռաբեկ դատարանը՝ դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բեկանել է Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում, իսկ զենք պահելու դրվագով Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել ստորադաս ատյանների վճիռները:
Վճռաբեկ դատարանը բավարարել է նաև Ալեքսանդր Արզումանյանի վճռի բեկանման վերաբերյալ բողոքը՝ ճանաչելով և հռչակելով Արզումանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Վճռաբեկ դատարանն արդարացրել է նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Տիգրան Եղիազարի Բաղդասարյանին։
Սասուն Միքայելյանը 2008թ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգությունների և ապօրինի զենք պահելու հատկանիշներով՝ դատապարտվելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, 2011թ Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվել։ 2009թ. հունիսի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանը Ալեքսանդր Արզումանյանին մեղավոր էր ճանաչել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման: Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել և ազատ արձակվել: Վճիռների վերանայման հիմք է հանդիսացել ՄԻԵԴ վճիռները, որով արձանագրվել էր վերջիններիս իրավունքների խախտումը։