Մենք գնում ենք օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով. Բաբկեն Պիպոյան
«Քանի որ այս թեման հանրային շատ մեծ աժիոտաժ է առաջացրել և ստացել ենք բազմաթիվ բողոքներ, առաջարկներ ու կարծիքներ, որոշվեց բաց լսումներ կազմակերպել, որպեսզի տեսնենք, թե որ ուղղությամբ ենք շարժվելու»,- այսօր Աժ-ում հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ բացելով սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին իրավակարգավորման ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված իրավիճակին նվիրված քննարկումը։
Նա հայտնեց, որ բաց քննարկմանը հրավիրվել են նաև նախարարներ, բայց նրանց զբաղվածության պատճառով քննարկմանը ներկայացել են փոխնախարարները։
«Օրենքի հիմնական խնդիրն այն է, որ մենք գնում ենք օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով»,- հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և բացատրեց, որ եթե օրենքով բոլոր դռները փակվում են, ապա տնտեսվարողները մտածում են, թե ինչպես անեն, որ այդ օրենքը շրջանցելու ճանապարհը գտնեն։
Պիպոյանը տեղեկացրեց, որ իր հասարակական կազմակերպության դիտարկումներով՝ այն բաց ռեստորաններում, որտեղ խախտում էին ծխելու ռեժիմը՝ ակտիվություն կար, իսկ այնտեղ, որտեղ պահպանվում էր օրենքի ապհանջը՝ հաճախորդները քիչ են։
Հայտարարելով, որ ընդունվել է չմտածված օրենք՝«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նկատեց, որ խոշոր խանութներում ծխախոտները փակ տեղակայված են դրամարկղների մոտ և ամեն անգամ այնտեղից ծխախոտ վերցնելու համար դրանք բացվում են և հերթում գտնվող բոլոր քաղաքացիները տեսնում են դրանք։
«Բացի այն, որ մենք ծխելու հարց չլուծեցինք, այլ առաջին հերթին վնաս տվեցինք»,- ասաց Պիպոյանը և պնդեց, որ պետք էր սննդամթերք արտադրող խանութներում արգելել ծխախոտի վաճառքը, ինչը կնպաստեր մթերայինների կողքին ծխախոտ վաճառող խանութների բացմանը, որն էլ իր հերթին ենթակառուցվածքների զարգացման կբերեր։
Նրա կարծիքով՝ կարելի էր ծխելու դեմ նման ավելի խիստ կարգավորում մտցնել, որը օգուտ կտար, բայց ընդունվել է ավելի թույլ կարգավորում, որը օգուտ չի տալիս։
Բաբկեն Պիպոյանն ասաց, որ օրենքով ԱԺ շենքում չի կարելի ծխել, բայց կարելի է տարածքում ծխել, իսկ հյուրանոցների տարածքում չի կարելի ծխել, որն այդ բիզնեսի համար մեծ խնդիրներ է ստեղծում։
Նա նկատեց, որ քննարկման գալուց, ԱԺ տարածքում չի տեսել ծխող, ինչից կարելի է ենթադրել, որ սենյակներում են ծխում։
Ելույթ ունենալով տնտեսվարողների անունից՝ «Ռեստորանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանը հայտարարեց. «Օրենքն ուժի մեջ մտավ և տնտեսական առումով մեր ամենավատ կանխատեսումներն իրականացան, օրենքի բոլոր անկատարություններն ու թերությունները հիմա արդեն պարզ երևում են»։
Նրա խոսքով՝ օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են, քանի որ ի սկզբանե տնտեսվարողը դրվել է մեղավորի դիրքում։
Ըստ Աշոտ Բարսեղյանի՝ օրենքն իրագործելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսվարողը կարողանա այդ օրենքի պահանջը կատարել։
Նա նկատեց, որ նարգիլե-ակումբների, սիգար-ակումբենրի և այլ ռեստորանների համար ընդունվել է նույն կարգավորումը, որը մեծ հիմնահարց է առաջացնում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Չի բացառվում, որ հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը
- Նախկինում մարիխուանա ծխելու համար Սպիտակ տունը աշխատանքից հեռացրել է հինգ աշխատակցի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան