Սանկտ Պետերբուրգում անցկացվող փառատոնում երևանյան թատրոնի ներկայացումներն արժանացել են ջերմ ընդունելության
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնին։ Թատրոնն ապրիլի 6-ին և 7-ին ցուցադրել է երկու ներկայացում` ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի հիման վրա բեմադրված «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ և ըստ անգլիացի ժամանակակից դրամատուրգ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» պիեսի՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրմամբ:
Թատրոնի պատվիրակությունը դեռ Սանկտ Պետերբուրգում է։ Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ երկու ներկայացումները շատ լավ են անցել, շատ դրական արձագանքներ են ստացել, հանդիսատեսի կողմից արժանացել են ջերմ ընդունելության։
«Երեկ քննարկման ժամանակ շատ գովեցին «ԿոնտրԱկտ» ներկայացման մեջ հանդես եկած դերասանուհիներին՝ Լիլիա Մուկուչյանին և Ելենա Վարդանյանին՝ ընդգծելով նրանց տաղանդը, էմոցիոնալությունը, հետաքրքիր աշխատանքը»,- նշեց նա։
Մ.Մխիթարյանը հայտնեց, որ այսօր պետք է տեղի ունենա Կարեն Ներսիսյանի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացման քննարկումը։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն ասաց, որ այլ թատրոնների հետ համագործակցության առաջարկներ եղել են, սակայն դրանք ծրագրային փուլում են, հստակ լինելու դեպքում կհայտարարեն։
«Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ապրիլի 4-10-ը։ Այս տարի մշակութային ֆորումը նվիրված է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 30-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք: 2017 թվականի ֆորումում ստեղծվել է Արտասահմանի ռուսական թատրոնների գործիչների ասոցիացիան, որն այսօր միավորում է 40 երկրների ավելի քան 145 թատերական գործիչների։ Այս տարի ասոցիացիայի գործունեության շրջանակում, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, տեղի կունենա III միջազգային համաժողովը, որի հիմնական թեման է՝ «Արտասահմանում գործող ռուսական թատրոնի նոր դեմքերը: Իրավահաջորդության և ավանդույթների պահպանման հիմնախնդիրները»։
Համաժողովին մասնակցում են երիտասարդ պրոֆեսիոնալներ՝ պրակտիկներ և տեսաբաններ արտերկրներում գործող ռուսական թատրոններից։ Ավագ գործընկերների հետ միասին նրանք քննարկում են թատերական արվեստի զարգացման նոր ուղիներ գտնելուն վերաբերող կարևոր հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին
- Ստանիսլավսկու անվան թատրոնին է վստահված Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը
- Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը մասնակցում է «Բելայա Վեժա» միջազգային փառատոնին
- Նոր թատերաշրջանում Ստանիսլավսկու անվան թատրոնը չի անտեսի նաև փոքրիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան