Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը։ Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մանրամասն խոսել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։Կարևորել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ Մենք վերահաստատեցինք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից իր մանդատի ճշգրիտ կատարման կարևորությունը։ Անդրադարձանք մեր ղեկավարների մակարդակով քննարկված հարցերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը և սահմանային գոտում վստահության և կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին։ Այդ մասին սկզբունքային համաձայնությունը ձեռք է բերվել Սոչիում, 2021 թվականի նոյեմբերին, որի մասին երեք ղեկավարները հայտարարեցին մամուլի ասուլիսում։ Հուսով ենք, որ շատ մոտ ապագայում նման հանձնաժողով կստեղծվի։ Համենայնդեպս, մեր գնահատմամբ, մենք այս ճանապարհին որևէ խոչընդոտ չենք տեսնում»,-ասել է Լավրովը։
«Իհարկե, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը հումանիտար խնդիրների լուծման, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների վերականգնման ուղղությամբ։ Վերջիններս առարկայական ստույգ ձևով համաձայնեցնում են տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը։ Այսօր տեղեկացանք, որ խմբի հաջորդ հանդիպումը կկայանա այս ամիս։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանն առնչվող աշխատանքին, որն այժմ ծավալվել է Երևանի և Բաքվի միջև։Մենք առարկայորեն խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել մեր հարևաններին, որպեսզի սկսեն այս գործընթացը։
Եվ, իհարկե, մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այն, ընդհանուր առմամբ, պետք է նպաստի մեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի բարելավմանը»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով.«Հանդիպմանն ընդգծվել է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի մեկնարկ տալու հարցը, որն ընդգրկում է անդրկովկասյան 3 երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Մենք ընդհանուր կարծիք ունենք, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմ համագործակցության զարգացման համար։ Նաև հաստատել ենք մեր շահագրգռվածությունը, որպեսզի մեր վրացի գործընկերներն ուղղակիորեն միանան այս խոստումնալից ձևաչափին»։