Դուք էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն եք և տնտեսական հարցերի հանձնաժողովում եք գտնվում. Վահե Հակոբյանը՝ փոխնախարարին
«Ես գիտեմ, որ էկոնոմիկայի նախարարությունն առանձնապես կողմ չէր հասարակական սննդի օբյեկտներում ծխելու արգելքի այս նախագծին, որը նախաձեռնել էր առողջապահության նախարարությունը»,- ԱԺ-ում կազմակերպած բաց քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալին դիմեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ խնդրելով ներկայացնել այդ դիրքորոշումը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հաստատեց, որ դեմ են եղել նախագծին, և առաջարկել էին, որ ծխողների համար օբյեկտներում լինեն առանձնացված տեղեր։
Նկատելով, որ օրենքն արդեն ընդունվել է և հետդարձն ընդունելի չէ՝ փոխնախարարն ասաց. «Մենք ունենք դրական կարծիքներ ռեստորանների հաճախորդներից, տարբեր տնտեսվարողներից, թե իրենք ինչքան դրական կարծիքներ են ստանում հաճախորդներից արգելքները մտցնելու համար»։
Անի Իսպիրյանը հայտնեց՝ տնտեսվարողները շնորհակալություն են հայտնում, որ իրենց մոտ նոր հաճախորդներ են ավելացել։
Քննարկմանը ներկա գտնվող տնտեսվարողները հակառակը պնդեցին՝ տեղեկացնելով, որ իրենց բիզնեսը տուժում է, քանի որ հաճախորդները պետք է սննդի և ժամանցի օբյեկտներից մի քանի տասնյակ մետր հեռանան, որպեսզի կարողանան ծխել։
«Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ձեր ասածը, թե ժողովուրդն ուրախացել է, ողջունում է, ավելի շատ Առողջապահության նախարարության դիրքորոշումն է»,- էկոնոմիկայի փոխնախարարին արձագանքեց Վահե Հակոբյանը և հավելեց. «Շեշտում եմ՝ դուք էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն եք, դուք օրենքի դեմ դիրքորոշում եք հայտնել և տնտեսական հարցերի հանձնաժողովում եք»։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն ընթերցեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ստորագրած դիրքորոշման մի հատվածը, որում ասվում էր. «Որոշման ընդունման հետևանքով մեծ է ծխախոտային արտադրանքի անօրինական ստվերային շրջանառության աճի հավանականությունը»։
Նկատելով, որ ընթերցեց ծխելու արգելքի նախագծի դեմ էկոնոմիկայի նախարարության բացասական հիմնավորումներից միայն մեկը՝ Վահե Հակոբյանն ասաց, որ ցանկանում է ընդգծել՝ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես կարծիք է ձևակերպել, որը ոչ մի կերպ չի համընկնում Առողջապահության նախարարության այս նախաձեռնության հետ։
«Իմ մոտ տպավորություն է, որ այս փոփոխությունն Առողջապահության նախարարությունը ներակայացրել է ինչ-որ մի դրամաշնորհի դիմաց, որտեղից էլ եկել են այդ անհեռատեսությունը և ոչ մտածված քայլերը»,- հայտարարեց Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի արած հայտարարությանը, թե խորհրդարնական մեծամասնությունը արդեն քննարկում կազմակերպել է՝ Հակոբյանը նկատեց, որ ի տարբերություն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՔՊ խմբակցությունն իր քննարկմանը չէր հրավիրել ընդդիմադիր պատգամավորների։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը համաձայնեց քննարկման ժամանակ հնչած կարծիքի հետ, որ խնդրով պետք է ստեղծվի աշխատանքային խումբ։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գնում ենք օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով. Բաբկեն Պիպոյան
- Գնում եք դելիմիտացիա անելու մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է վարում, գազ է անջատում. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում