Միջոցառումներ՝ նվիրված Արա Սարգսյանի 120-ամյակին
Ապրիլի 7-ին լրացել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիր և առաջին նախագահ, Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր և առաջին ռեկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից, հայ մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի 120-ամյակը։
Ապրիլի 9-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում տեղի կունենա միջոցառումների շարք, որը կմեկնարկի ժամը 16։00-ին։
Բացման խոսքով թանգարանի բակում հանդես կգա Արա Սարգսյանի թոռնուհի և տուն-թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը, այնուհետև ելույթ կունենա «Բյուրական» միջնադարյան երաժշտության անսամբլը՝ Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ։
Միջոցառման երկրորդ մասում Հակոբ Կոջոյան սրահում ելույթ կունենա «Արար» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորներ Տ․ Մանսուրյանի, Ե․ Երկանյանի, Ա․ Ոսկանյանի և այլոց ստեղծագործությունները։