Արջերի բնական ապրելավայրերը նվազել են, նրանք հաճախ ստիպված են լինում սնունդ հայթայթել մարդու գործունեությամբ ստեղծված աղբյուրներից
Լևոն Հարությունյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021»-ի հաղթողներից:
ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից հայտնում են, որ ստացած դրամաշնորհի շրջանակում Լևոն Հարությունյանն ուսումնասիրելու է Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը:
Գորշ արջի խնդիրները Հարավային Կովկասում
«Կովկասն աշխարհի կենսաբազմազանության 36 կիզակետերից մեկն է, որն աչքի է ընկնում հազվագյուտ և վտանգված կենդանական ու բուսական տեսակներով: Դրանց թվին է պատկանում գորշ արջը, որը, թեև տարածված տեսակ է, այնուամենայնիվ հատկապես հետխորհրդային շրջանում մի շարք խնդիրների առաջ է կանգնել. խաթարվել է կենսամիջավայրը, ուժգնացել է ապօրինի որսը:
Արջերի բնական ապրելավայրերը նվազել են, այդ պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում սնունդ հայթայթել մարդու գործունեությամբ ստեղծված աղբյուրներից: Դրա հետևանքով վնասվում են գյուղատնտեսական տարածքներ, մեղվանոցներ, տնային կենդանիներ:
Այս երևույթն իր հերթին ավելացնում է ճնշումը և կոնֆլիկտի հավանականությունը՝ մարդու և գորշ արջի միջև:
Իմ աշխատանքի նպատակն է ուսումնասիրել նշված խնդիրները: Նախկինում որոշ ուսումնասիրություններ արվել են, սակայն լայնածավալ և համապարփակ հետազոտություն չի անցկացվել: Ինձ օգնում է լավագույն մասնագետներից կազմված միջազգային թիմ՝ Գերմանիայի Հումբոլդտի համալսարանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից»,- ասում է Լևոնը։
Չհանձնվելու մասին
«Կենսաբանությունն ինձ միշտ է հետաքրքրել, սակայն եղել են նույնիսկ պահեր, երբ որոշել եմ թողնել սիրելի զբաղմունքս:
Սակայն ստացվեց այնպես, որ ճիշտ պահին ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ ոգևորեցին ու մասնագիտական փորձ տվեցին՝ այդպիսով ուղղորդելով այնտեղ, որտեղ այժմ գտնվում եմ»
Ցանկության դեպքում գտնվում են նաև հնարավորությունները «Երիտասարդ գիտնականների խնդիրները շատ են՝ ֆինանսավորում, ժամանակակից լաբորատորիաներ, տեխնիկական միջոցներ և այլն: Դրանց վրա շատ չեմ կենտրոնացել, բայց կարծում եմ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել նաև հնարավորություններ:
Կարելի է նշել նաև ընդհանուր կրթական համակարգի որոշ թերություններ, որոնք երբեմն դժվարացնում են ավելի հմուտ գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու գործընթացը: Սակայն նշեմ, որ նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար դրական ուղղությամբ է զարգանում»։
Գիտությամբ զբաղվելը «գայթակղիչ է»
«Գիտնականների ֆինանսավորումը բարձրացնելու ուղղությամբ պետական մակարդակով որոշ փոփոխություններ են ձեռնարկվել, բայց երևի դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Շատ կարևոր են տեղական դրամաշնորհների հասանելիությունը և քանակը: Ինչ խոսք, աստիճանաբար կարգավորվում են նաև այդ խնդիրները: Ոչ պետական դրամաշնորհներ գտնել իհարկե կարելի է, որոնց միջոցով կարող ես խնդիրներ լուծել, բայց պետք է նկատել, որ դրանք սովորաբար կարճաժամկետ են լինում»։
Գիտությունը՝ մասնագիտություն, բնությունը՝ հոբբի
«Իմ բոլոր հետաքրքրությունները կապված են մասնագիտությանս հետ: Բացի արջերից՝ հետաքրքրված եմ նաև թռչնատեսակներով, աշխատում եմ հաճախ բնության մեջ լինել՝ նրանց դիտարկելու, լուսանկարելու համար:
Հաճախ բնապահպանության թեմայով կամավոր դասընթացներ եմ անցկացնում դպրոցականների հետ ՝ հաճելին օգտակարի հետ համադրելով:
Սիրում եմ նաև ամենագնացով արտաճանապարհային արկածներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Գիտուժ». Առանց պետական նպատակների հստակեցման և գիտության զարգացմանը միտված հավակնոտ ռազմավարական ծրագրերի անհնար կլինի Հայաստանի անվտանգության ապահովումը ու թռիչքաձեւ զարգացումը
- Ամպրոպներն ուսումնասիրող հայ կին գիտնականը
- Մինչհեղափոխական ժամանակահատվածի համեմատ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. Արթուր Մովսիսյան
- Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ համագործակցության ծրագրից. ԱԺ-ն ընդունել է նախագիծը
- ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրելու են Հայաստանում գրանցված ծաղկավոր բույսերի` գիտության համար 3 նոր տեսակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան