Ադրբեջանցիները Մարաղայում ամենադաժան կերպով ցեղասպանություն իրականացրեցին` չխնայելով ոչ տարեցներին, ոչ երեխաներին. Ավանեսով
1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ և իրականացրել հայ ազգաբնակչության մասսայական ցեղասպանություն:
«Արցախպրեսը» գրում է, որ այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց ասուլիս՝ նվիրված Մարաղայի ցեղասպանության 30-րդ տարելիցին:
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով, ասուլիսի նպատակն է անդրադառնալ ոչ միայն Մարաղայի կոտորածին, այլև՝ նախընթաց և դրան հաջորդող իրադարձություններին ևս:
«Այն, ինչ տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 9-10-ը ընկած ժամանակահատվածում Մարաղայում, բնականաբար, առանց երկմտելու, կարող ենք ցեղասպանություն կոչել, քանի որ տեղավորվում է ցեղասպանության մասին ՄԱԿ-ի համապատասխան կովենցիայի դրույթներում:
Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը իր ստեղծման պահից իրականացնում էր ցեղասպան քաղաքականություն, պատմամշակութային ժառանգության յուրացում և ոչնչացում, որին որևէ իրավական և քաղաքական գնահատականի չտրվեց: Դրան զուգահեռ` մենք ականատես էինք լինում մեր հայրենակիցների խոշտանգումների և առևանգումների դեպքերին: 1992 թվականի ապրիլի 9-ի երեկոյան գյուղի ուղղությամբ հրետակոծություն սկսեցին, այնուհետև, երբ ապրիլի 10-ին ադրբեջանցիները ներթափանցեցին Մարաղա, ամենադաժան կերպով ցեղասպանություն իրականացրեցին` չխնայելով ոչ տարեցներին, ոչ երեխաներին»,-նշել է բանախոսը:
Հ. Ավանեսովը հատկանշական է համարել բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերը. «Այն, ինչ տեղի է ունեցել Մարաղայում, 20-րդ դարի գողգոթան է»:
«Այդ ժամանակ Մարաղայում գտնվողները, ովքեր ականատեսն էին նշված իրադարձությունների, փաստում են, որ ամեն ինչ նախապես ծրագրված էր: Այդ ցեղասպան քաղաքականության և ռազմական գործողությունների պատճառով Հին Մարաղան բռնազավթվեց Ադրբեջանի կողմից: Գյուղի բազմաթիվ բնակիչներ, որոնք հաստատվեցին այլ բնակավայրում և հիմնեցին Նոր Մարաղա բնակավայրը, ստեղծագործում ու արարում էին մինչև 2020 թվականը, երբ այս անգամ էլ օկուպացվեց Նոր Մարաղան»,-նշել է նա:
Բանախոսն ընդգծել է, որ այն, ինչ կատարվել է Մարաղայում, որևէ քաղաքական, իրավական գնահատականի այդպես էլ չի արժանացել, և ովքեր կազմակերպել են այդ ցեղասպանությունը, ոչ մի կերպ որևէ պատիժ չեն կրել, որի արդյունքում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ:
«Որպես հստակ հարգանքի տուրք մեր հերոսների հիշատակին` հաստատուն գործելաոճ որդեգրենք, որ մեր մասնագիտական խրամատներում կատարենք մեր աշխատանքը` ի նպաստ մեր հայրենիքի ու նրա շենացման, մեր պետականության վերականգնման։ Ծառայենք մեկ ընդհանուր գաղափարի` մեր օկուպացված բնակավայրերի դեօկուպացիային»,-ընդհանրացրել է Հ. Ավանեսովը` կարևորելով, որ նման նախաձեռնությունները Կովկասագիտության կենտրոնի առանցքային հիմնախնդիրներից են։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցադրություն Թբիլիսիում՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմային
- Արցախի ԱԳՆ-ն՝ Մարաղայի ջարդերի մասին. Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն
- Մարաղայի ջարդերի ականատեսների վկայություններ
- Բակուր Կարապետյան. Մարաղայի ջարդերը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան