Ինչպե՞ս դառնալ Content Writer
Նորահայտ մասնագիտությունների շարքում հատկապես դեպի IT ձգտող լրագրողների համար ամենագայթակղիչը Content writing-ն է, թվում է՝ սա այն է, ինչ անում է ամեն լրագրող, ամեն օր՝ բովանդակություն է ստեղծում, բայց ամեն դեպքում սա լրագրություն չէ։ Content writing մասնագիտության մասին պատմում է Էմիլյա Գալստյանը։
-Ի՞նչ է content writing-ը, ինչով Ձեզ գրավեց, աշխատանքն այդ ոլորտում։ Եվ որ մասնագիտության հետ են այն շփոթում հաճախ։
-Շատ ուրախ եմ, որ գնալով շատանում է հետաքրքրությունը այս մասնագիտության նկատմամբ, ու հուսով եմ այս հարցազրույցը կօգնի հետաքրքրված մարդկանց լրիվ պատկերացնել իրենց քայլերն այս ոլորտում։
Content Writing-ի բուն բացատրությունը հենց իր թարգմանության մեջ է՝ գրավոր բովանդակության ստեղծում։ Content Writer-ը այն մարդն է, ով ստեղծում է տեքստեր մարքեթինգային տարբեր ալիքների համար, կլինի դա վեբ կայք, սոցիալական մեդիայի էջ, գովազդանյութ, թե այլ որևէ հարթակ։ Քանի որ մարդիկ արդեն վաղուց իրենց հետաքրքրող ամեն ինչ որոնում են օնլայն՝ հատկապես Google-ում, առաջացել է նաև SEO Content Writing մասնագիտությունը։ SEO Content Writer-ները տեքստեր գրելիս ուսումնասիրում են, թե մարդիկ ինչ են հաճախ Google-ում որոնում, ու ինչ բառերով են փնտրում իրենց ուզածը։ Այդ բառերը կոչվում են բանալի բառեր, և եթե բանալի բառերը ճիշտ ձևով են ներառված գրվող տեքստի մեջ, Google-ում որոնում կատարող օգտատերը Ձեր գրված տեքստը տեսնում է առաջինը։ Սա, իհարկե, հրաշալի հնարավորություն է բիզնեսի համար բարձրացնել իր ճանաչելիությունն ու վաճառքները։
SEO Content Writing-ը ինձ գրավել է իր շատ արդիական ու ժամանակակից լինելով։ Պատկերացնում ե՞ք, եթե Դուք ու ևս 1000 մարդ աշխարհում վաճառում եք պայուսակ, և Դուք կարողանում եք տեքստերի միջոցով հասնել այնպիսի արդյունքի, որ «Ո՞րտեղից գնել լավ պայուսակ» Google-ում որոնելիս հենց Ձեր կայքը մարդիկ տեսնեն առաջինը։ Կարճ ասած՝ տեխնոլոգիական զարգացման մեր դարաշրջանում, ես SEO Content Writing-ը համարում եմ մրցակցությունից դուրս չմնալու և հաջողության հասնելու կարևոր մասնագիտություններից մեկը։
Շփոթությունների հետ կապված, հաճախ են նույնացվում Copywrighting և Content Writing տերմինները։ Մեծ հաշվով, երկուսն էլ տեքստեր գրելու մասին են։ Սակայն Copywriting-ը առավել կարճ ու վաճառող տեքստեր գրելուն է վերաբերում, իսկ Content Writing-ը առավել պատմողական և ծավալուն տեքստերի մասին է։
-Կարելի է ասել Content writing-ը ամենանորերից է, եթե այլ անունով առաջ չի եղել։ Ինչ դպրոց եք անցել այդ առումով, եթե հաշվենք առաջին քայլերից, արդեն քանի տարի է այս ոլորտում եք։ Ինչ դինամիկա եք արձանագրել այս ընթացքում։Ինչպե՞ս են փոփոխվել այս մասնագիտության պահանջները, մասնագիտության հանդեպ վերաբերմունքը։
-Ես շատ փոքր տարիքից սիրել եմ գրել, կամ հրապարակային ելույթներ ունենալ, այսինքն՝ այն ամենը ինչ կապված է եղել խոսք կառուցելու և այն գրագետ լսարանին ներկայացնելու հետ։ Ես վստահ էի, որ իմ հաջողությունը էնպիսի աշխատանքի հետ է կապված լինելու, որտեղ ես կիրառելու եմ իմ գրավոր խոսքի ունակությունները։Սա որպես փոքր նախաբան, իսկ կարիրերային առումով՝ ես Content Writing-ով զբաղվում եմ արդեն 2,5 տարի, որոնցից վերջին մեկ տարում խորացված՝ SEO Content Writing-ով։
Առաջին քայլերս առհասարակ մարքեթինգում սկսվել են համաշխարհային ամենամեծ ընկերություններից մեկի հայաստանյան մասնաճյուղում։ Մասնակցում էի վեցամսյա ուսումնառության ծրագրի մարքեթինգի բաժնում։ Այնուհետև աշխատել եմ հայկական տուրիստական ընկերություններից մեկի մարքեթինգի բաժնում, որտեղ, սակայն, ընդունվելուցս մի քանի ամիս անց սկսվեց COVID-ի պանդեմիան, և ոլորտը խորը անկում ապրեց։Հենց այդ ժամանակ՝ 2020 թ․-ի գարնանը, երբ իրոք ամեն ինչ կանգնած էր թվում, ու ես մոտ 3-4 ամիս անցկացրել եմ նույնիսկ Երևանից դուրս մեր ամառանոցում, հասկացա, որ շատ արագ պետք է կայանալ թվային որևէ ոլորտում, ու ձեռք բերել նոր մասնագիտություն։ Ու դե իհարկե նորից առաջ եկավ գրելու հանդեպ իմ մեծագույն սերը։Սկսեցի դիմել Upwork աշխատանքային հարթակում content writing-ի տարբեր պրոյեկտների։ Բավականին բարդ էր սկզբում, որովհետև բոլորը ուզում էին նախորդ հրապարակումներից օրինակներ, իսկ ես ոչինչ չունեի, բացի վստահությունից, որ կարող եմ աշխատել այդ ոլորտում։Հետո՝ կամաց-կամաց սկսեցի ներգրավվել որոշ պրոյեկտների մեջ։ Գրում էի կայքերի համար քոնթենթ, բլոգի հոդվածներ, և այլն։ Ու 50-ից ավելի այլազգի պատվիրատուների հետ աշխատելով՝ մեկ տարվա մեջ նայև ակամա սովորեցի, թե ինչ է SEO-ն, ու ինչպես պետք է օպտիմիզացնել գրված տեքստը որոնողական համակարգերի համար։ 2020 թ․-ի ավարտին մասնակցեցի հայ թվային մարքեթոլոգներից մեկի SEO դասընթացին։ Ու հետո էնպես ստացվեց, որ ընդունվեցի նրա հիմնած մարքեթինգային ընկերություն՝ որպես SEO Content Writer։ Մեծ սիրով ամեն օր սովորում եմ ու աշխատում եմ այդ ընկերությունում։ 2021 թ․-ից նաև դասավանդում եմ BSMI մարքեթինգային դպրոցում, որտեղ արդեն ունենք երկու շրջանավարտների սերունդ, և շարունակում ենք ընդունել նոր ուսանողների։Իմ ընտրած մասնագիտությունը փոխվում է, երբ փոխվում են Google-ի ալգորիթմները։ Մենք աշխատում ենք Google-ի պահանջներին մաքսիմալ մոտ տեքստեր գրելու համար։ Այս առումով վերջին փոփոխությունը այն է, որ bold արված (մգացված) հատվածներ ունենալը տեքստում մեծացնում է որոնման արդյունքների առաջին էջում հայտնվելու հավանականությունը։
-Ո՞րն է դրան տիրապետելու կարևորությունն այսօր։ Մեր աշխատաշուկայում որքանով է պահանջված, այստեղից հե՞շտ է դրսի հետ աշխատել, լինո՞ւմ են պատվերներ։
-Չկա որևէ կայք աշխարհում, որտեղ գրված չլինի տեքստ։ Ու չկա որևէ կայք աշխարհում, որ չի ուզում շատ հաճախելիություն ունենալ։ SEO Content Writing-ը ու առհասարակ SEO-ն օգնում են այդ նպատակին հասնել գրագետ ձևով։ Ու ես գոնե հիմա չեմ պատկերացնում, որ այս մասնագիտությունը որևէ շանս ունի արդիականությունը կորցնելու։Staff.am-ում, օրինակ, որոնեք՝ content writer, ու տեսեք՝ ինչքան շատ են թափուր հաստիքներ, փոքրից մինչև ամենահայտնի ընկերություններում։ «Դրսի հետ» լինում է աշխատել, և շատ հեշտ իրականում։ Պետք է իմանալ լավ անգլերեն, տիրապետել SEO Content Writing-ի գոնե բազային կանոններին, և, օրինակ, գրանցվել Upwork-ում։ Դա բավական է լավ վարձատրվող աշխատանք գտնելու համար՝ Հայաստանում ապրելով։ Իմ ուսանողները կփաստեն, որ այդպես է։
-Հայաստանում սովորելու հնարավորությունները։
-Երբ ես 2020 թ․-ին SEO Content Writing-ի հայկական դասընթաց էի փնտրում, գտա միայն ընդհանուր SEO-ի դասընթաց։ Այն ինձ համար չափից շատ տեխնիկական էր, քանի որ ես ավելի հետաքրքրված էի գրելու կրեատիվ պրոցեսով։Այսօր արդեն կան մի քանի դասընթացներ հենց տեքստերի հետ կապված, տարբեր ֆորմատներով։
-Հիմնականում ովքեր են հետաքրքրվում content writing-ով, որպես նաև դասավանդող ՝ ում եք դիտարկում Ձեզ թիրախային լսարան, ով կգա սա սովորելու։ Սովորել ցանկացողների մոտիվացիաները ինչպես են փոխվել։
-Գալիս են մարդիկ, ովքերի իրենց՝ լեզվի և գրելու ունակությունները ուզում են ավելի ժամանակակից ոլորտում կիրառել, ու, որպես արդյունք, ավելի շատ գումար վաստակել։ Ուսանողներիս մեջ շատ են թարգմանիչները, լեզվաբանները, արդեն իսկ մարքեթինգով ու նեղ content writing-ով զբաղվող մարդիկ, ինչպես նաև ուսանողներ, ու ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր գիտեն անգլերեն (կամ այլ օտար լեզու) ու սիրում են գրել։Ժամանակակից՝ սովորել ցանկացող մարդիկ խստորեն պահանջում են պրակտիկ ինֆորմացիա ու շատ գործնական աշխատանքներ։ Դա հրաշալի մոտեցում է որևէ բան սովորելիս, ու ես ուրախ եմ նման ֆորմատով ուսանողների հետ համագործակցելու համար։ Ժամանակակից ուսանողները ցանկանում են արագ, բայց խորքային ձևով սովորել նոր մասնագիտություն, ու դա շատ արագ մոնետիզացնել աշխատաշուկայում։
-Ինչո՞ւ եք ցանկանում կիսվել հմտություններով, լա՞վ չէր մնալ եզակիներից դաշտում։
-Չգիտեմ էլ, եզակիների շարքում էի թե չէ մինչև դասընթացը սկսելը, բայց ես աննկարագրելի հաճույքով եմ վարում դասերս։ Ժամանակին ես տագնապային իրավիճակում էի, երբ պանդեմիան սկսվեց, ու ես մնացի առանց աշխատանքի։ Ու ինչպես ինձ շատ մարդիկ այդ շրջանում սովորեցրին ու օգնեցին աշխատանք գտնել, էնպես էլ ես հիմա փորձում եմ օգնել այլ մարդկանց։
Բացի այդ, ես ներքին մեծ հանգստություն եմ զգում հայ մարդկանց օգնելուց։ Մեր երկրի մարդիկ բացառիկ խելացի են, իսկ ժամանակաշրջանը, ցավոք, շատ ծանր։ Յուրաքանչյուրս պետք է կիսենք միմյանց հետ մեր գիտելիքները ու օգնենք իրար՝ նոր բարձունքների հասնելու։ Այս դասընթացը իմ շատ փոքրիկ, բայց սրտանց կատարվող ներդրումն է նշածիս մեջ։
-Հիմա շատ-շատ եմ content writing սովորեցնելու կանչող գովազդները, պահանջարկը մե՞ծ է։
-Անձամբ ես երկուսն եմ ֆիքսել, բացի մեր դասընթացից։ Բայց շատ եմ տեսնում Copywriting-ի դասընթացներ, դրանք մի քիչ տարբերվում են ըստ բովանդակության, ու հետագա աշխատանքի բնույթի։
Դասընթացները շատ են, որովհետև աշխարհում շատ տարածված է հիմա գրավոր քոնթենթը։ Սոցիալական մեդիայի հարթակներ ու կայքեր ունենալը պարտադիր է բոլոր ոլորտի բիզնեսների համար, նրանց էլ, իհարկե՝ պետք են copywriter-ներ ու content writer-ներ։ Այսինքն՝ պարզապես առաջարկ -պահանջարկ ճիշտ հարաբերակցություն է այդ դասընթացների մասով։
-Ի՞նչ հմտություններ են պետք լավ content writеr դառնալու համար։
-Անգլերենի միջին և ավելի մակարդակի իմացություն
SEO գիտելիքներ
Հղկված գրավոր խոսք կառուցելու ունակություն (ծայրահեղ կարևոր)
Ընդհանուր զարգացվածություն
Մարքեթինգային գիտելիքներ
-Մասնագիտական ի՞նչ վախեր ունեք։
-Ոչ մի վախ չունեմ, ուղղակի ունեմ հստակ գիտակցում, որ եթե այս պահին ծուլացա ու դադարեցի կատարելագործվել, հնարավոր է մյուս վայրկյանին արդեն շատ ուշ լինի աշխատաշուկայում նորից մրցակցային լինելու համար։
-Մասնագիտական ի՞նչ երազանքներ ունես։
-Բնականաբար, ցանկանում եմ հեղինակավոր կայքերում պարբերաբար հրապարակումներ ունենալ։ Խոսքս, Forbes-ի և այլ նմանատիպ կարծիք թելադրող աղբյուրների մասին է։ Դե բայց կարելի է սա աշխատանքային երկարաժամկետ To-do-list-ի էլեմենտ դիտարկել ավելի, քան մասնագիտական երազանք։Երևի իսկական երազանք է կարողանալ որևէ դրական բան անել մեր երկրի ու մարդկանց համար։ Կոնկրետ մասնագիտական առումով, գրել էնպիսի հոդված, որը կտարածվի ամբողջ աշխարհով, և իրոք ճիշտ պահին ճիշտ տեղում կօգնի ուշադրություն հրավիրել Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցի վրա, ներկայացնել Հայաստանն իր ողջ արժեքով, կամ ցանկացած այլ ուղղությամբ մեր երկիրը դարձնել սիրված ու գնահատված։
-Ի՞նչ չես հանդուրժում այդ ոլորտում, ի՞նչն է նյարդայնացնում։
-Ես ծայրահեղ կարևորում եմ, ու հավատում եմ, որ բոլոր կոլեգաներս կարևորում են իրենց պատասխանատվությունը այն ինֆորմացիայի համար, որը լցնում են համացանց։ Content Writer-ը մարդ է, ում գրված տեքստով հնարավոր է վաղը կամ ամիսներ անց ղեկավարվեն միլիոնավոր մարդիկ։ Օրինակ, մարդիկ Google-ում որոնեն՝ «ի՞նչպես ճիշտ ծախսել իմ բիզնեսի բյուջեն», և նրանց առաջինը ցուցադրվի քո գրված հոդվածը։ Ավելորդ է՞, չէ՞, նշել, որ պետք չէ երբեք գրել չճշտված, ոչ հստակ ինֆորմացիա, քանի որ շատ մարդիկ վստահում են Google-ին:Սա ամենագլոբալն է։ Իսկ որպես փոքրիկ նյարդայնացնող բան իմ մասնագիտությունում՝ ճիշտ չեմ համարում գրված քոնթենթը բառ առ բառ ստուգելը։ Կարևոր եմ համարում, որ ընդհանուր միտքը ճիշտ լինի, չլինեն քերականական ու լեզվական սխալներ (որոշ վիճարկելի պահեր, ամեն դեպքում, կլինեն), ու պահված լինեն SEO ստանդարտները։ Երբ արվածս աշխատանքը բառ առ բառ են ստուգում, մի քիչ, եկեք ասեմ՝ սրտնեղում եմ։ Մյուս կողմից, հասկանում եմ նաև պատվիրատու կողմին։
-Արդյո՞ք կարելի է լավ գումար աշխատել այս մասնագիտությամբ, թե այն սովորաբար ինչ-որ հիմնական աշխատանքի կողքից արվող գործ է։
-Միանշանակ կարելի է։ Ինչքան հղկեք Ձեր գրելու ունակությունը, այնքան ավելի հայտնի կայքերի հետ կարող եք աշխատել, որոնք, կարող են բավականին բարձր վարձատրել։ Իսկ աշխարհում կան տարբեր մեծության մոտ 7,7 միլիարդ կայքեր, էնպես որ, լավ մասնագետը լավ հնարավորությունների պակաս հաստատ չի զգա։
-Content writing-ի հետ, որ մասնագիտություններն են մրցում պահանջվածության առումով։
-Կարծում եմ` թվային մարքեթինգի ցանկացած ուղղություն։ Չնայած այստեղ ավելի շատ ոչ թե մրացկցություն է, այլ փոխլրացում։
-Արդյո՞ք, հնարավոր է 2 ամսում նոր մասնագիտություն սովորել։
-Նայած ինչ մասնագիտություն, ու նայած ինչ մակարդակի տեղեկացվածությամբ ու ունակություններով եք սկսում սովորել։ SEO Content Writing հնարավոր է սովորել 2 ամսից էլ քիչ ժամանակում, եթե լավ տիրապետում եք լեզվին ու գրագետ խոսք ունեք։
-Ի՞նչ անհեթեթ հարցեր եք ստանում մասնագիտության հետ կապված։
-Անհեթեթ չասեմ, բայց բարդ է, երբ մարդիկ իմանում են, որ Content Writer ես, ու «ոտքի վրա» կարող են հարցնել՝ «էս նկարի հետ ի՞նչ գրեմ», երբ նկարը առաջին անգամ 1 վայրկյան առաջ ես տեսել։ Իհարկե, կոնցեպտուալ արագ պատկերացնում եմ, ինչ կարելի է գրել, բայց մշակած ու վերջնական տեքստ այդքան արագ բարդ է ստանալ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս դառնալ Graphic designеr
- Ինչպե՞ս դառնալ HR
- Ինչպե՞ս դառնալ Sales Expert
- Ինչպե՞ս դառնալ Digital marketing մասնագետ
- Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ
- Ինչպե՞ս դառնալ IT Quality Assurance Engineer
- Ինչպե՞ս դառնալ UX/UI դիզայներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան