Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Ռուսաստանի և Արևմուտքի լարվող հարաբերություններն ազդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքներին, ինչի հետևանքով կարող է սառեցվել կազմակերպության գործունեությունը։ Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվականին նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Ես հույս ունեմ, որ հարաբերությունների թեժ ժամանակաշրջանը հաղթահարելուց հետո կրկին իր աշխատանքները կսկսի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է նախօրեին Մոսկվայում կայացած Արարատ Միրզոյան-Լավրով հանդիպմանը, Դ. Բաբայանի կարծիքով, պաշտոնական Մոսկվան առանցքային ուղերձներ է հղել. «Նախ և առաջ Ռուսաստանը շահագրգռված է կայունության և խաղաղության պահպանման մեջ, անելու է հնարավորը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարության գոտում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, այս տեսակետից նաև կարևորել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները։ Դա շատ կարևոր է»։
Առավել մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվականի ռեպորտաժում։
Նշենք, որ ապրիլի 8-ին Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի գործունեությանը, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագան»։
Լավրովի խոսքով, «այս խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսատյացության տենդով տարված, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ, չեղյալ են համարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ հայտարարելով, որ այս ձևաչափով չեն շփվի»։
«Դա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի կարգավորման հարցում և ամբողջ Անդրկովկասի շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Իրենց առաջնահերթությունների թվում նրանք իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդ են դարձնում ոչ միայն այս հակամարտությունը, այլև երկրի վրա գտնվող բոլոր հակամարտություններն ու ճգնաժամերը։
Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք միշտ հանձնառու ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»,- ասել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը
- Լավրովը՝ Փառուխի մասին. Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն
- Լավրով. Ռուսաստանը կօգնի Հայաստանին ամրապնդելու իր պաշտպանունակությունը
- Արարատ Միրզոյանն այսօր կհանդիպի Սերգեյ Լավրովին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան