Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
Այսօր Ազատության հրապարակում պետք է կայանա «Ազգային ժողովրդավարական բևեռի» հանրահավաքը։ Դրան ընդառաջ մի խումբ քաղաքացիները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում՝ ԱԺԲ-ի աջակիցներից պաշտպանելու Արցախի Հանրապետության դրոշը, որը երեկ հենց Բևեռի հետևորդների կողմից պղծվել էր։
Արցախի դրոշը երեկ փոխվել և տեղը նոր դրոշ է բարձրացվել։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ այսօր էլ նույն կերպ կվարվեն ԱԺԲ-ականները։ Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացած։
«Այստեղ կանգնել ենք պաշտպանելու Արցախի դրոշը։ Ոստիկանները խոստացել են, որ իրենք թույլ չեն տա, որ որևէ մեկը մոտենա դրոշին»,- ասաց քաղաքացիներից մեկը։
ԱԺԲ համակիրները երբ անցնում էին հրապարակով, մի քաղաքացի փորձեց մոտենալ դրոշին, սակայն ոստիկանները նրան հեռացրեցին։ Հենց նույն պահին քաղաքացիները նույնպես մոտեցան դրոշին։ Ոստիկանները բոլոր կոչ արեցին հրապարակի տարածքն ազատել։
«Դրոշի մոտ ոչ մեկ ոտք չդնի»,- բղավեց մի քաղաքացի։
Ոստիկանները քաղաքացիներին հեռացրեցին դրոշի մոտից, որոշներին թևերից բռնած։
«Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեին այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի հաջողվելու։ Կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Մեր Հայաստանի դրոշը տարբեր տեղեր կան, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ։
Մենք չէինք կարող պատկերացնել, որ Արցախի դրոշը կարող են պղծել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի Ազատության հրապարակում ընդդիմադիր դաշինքների հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։
«Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Երեկ առավոտյան «Ազգային ժողովրդավարական բևեռի» աջակիցները ներկելու միջոցով Արցախի դրոշը վերածել էին Հայաստանի դրոշի։ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են իրենց աջակից երիտասարդները ներկում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը, այն վերնագրել էր. «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը»։
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ այդ տեսանյութը ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
- Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի
- Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
- Ապրիլի 8-ին Վանաձորի Արցախ պուրակում տեղի կունենա Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը
- Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը