«Հենակետ». Փորձագետները շարունակում են նշել՝ Ադրբեջանը գնալով ամրանում է Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.
«Ընդհանուր բնույթի տեղեկություններ
Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում շարունակվում էր տեղեկություններ տարածավել այն մասին, որ Արցախի սահմանամերձ Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանցիները բարձրախոսով շարունակում են հնչեցնել գյուղը լքելու կոչեր։ Տեղի բնակիչները նշում են, որ արդեն չեն էլ հիշում թե երբվանից է, որ առավոտյան նամազի ձայներից են վեր կենում։
Փորձագետները շարունակում են նշել, որ Ադրբեջանը գնալով ամրանում է Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը։ Ըստ նրանց՝ Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է։
Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն: Նա նշել է, որ հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տանից հեռու են ապրում, իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը։
ԱՀ Աժ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը հայտարարել է, որ պատերազմից հետո անվտանգության համակարգը խաթարվել է, և եթե ՀՀ-ն նախկինում հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր, ցավոք, այդպես չէ։ Բալայանը անդրադառնալով Արցախի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեի մասին խոսակցություններին, նշել է, որ Արցախի քաղաքական օրակարգում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չի քննարկվում։
ՌԴ խաղաղապահների մասին
Շաբաթվա սկզբին ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արցախում խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Նշվում է, որ բոլոր դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
ՌԴ ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ 2020 թ. նոյեմբերի 23-ից խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 362,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ:
Պաշտոնական լրահոս
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստ է անցկացվել: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:
Նույն օրը Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ:
ԱՀ ԱԺ-ը ապրիլի 5-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում համահայկական մակարդակով ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։ Հայտարարությունում նշվում է , որ Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում։
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը Արցախն ընդունում է կամ կարող է ընդունել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս։
ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանն էլ հայտարարել է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 9,325.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 7,500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 24.3 տոկոսով կամ 1,825.3 մլն դրամով:
ԼՂ հակամարտության մասին
ՀՀ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւորությունը:
Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նա ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Միրզոյանը ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վստահ է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում։
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղի ներխուժման դեպքին՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահները ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, երեկվանից նաև խաղաղապահներ. Արայիկ Հարությունյան
- «Հենակետ». Ըստ մասնագետների՝ եթե Ադրբեջանը այս ամենը մարսեց, ապա Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու
- Խրամորթը և Քարագլուխ բարձունքը պաշտպանող կամավորականները
- Արցախցի կանայք կարկանդակ ու ժենգյալով հաց են թխում Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար
- «Հենակետ». Պետեր վան Դալենը հայտարարել է՝ Ադրբեջանը անհնարին է դարձնում ԼՂ տեղաբնիկների կյանքը
- «Հենակետ». AZAL-ի նախագահը հայտարարել է՝ Կովսականի օդանավակայանի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի
- «Հենակետ». Մարտունու վարչակազմը դիմել է խաղաղապահներին՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ապահովելու անվտանգությունը
- 28.02.2022. «Հենակետ». Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում
- 21.02.2022. «Հենակետ». Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում
- 14.02.2021. «Հենակետ». Ադրբեջանում մեկնարկել է մարտ ամսվա համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը
- 12.02.2021. «Հենակետ». Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան
- «Հենակետ». Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղում ադրբեջանական բնակչության հաստատման համար այս տարի կսկսեն բնակելի տների կառուցումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան