Վիվա-ՄՏՍ. Հերթական կիսակառույցը տուն է դարձել
Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը ցանկալի արդյունք է տալիս: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն համակարգված աջակցության շնորհիվ՝ հաջողվում է դրանք ավարտել նախատեսված ժամկետներում:
Տարբեր համայնքներում տան տեր են դառնում ընտանիքներ, որոնք, սեփական անկյունն ունենալու համար, ստիպված են եղել սպասել տասնամյակներ:
Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցությունը. սեփական ձեռքերով կառուցված տան տեր դառնալու բերկրանքը մարդկանց աչքերում:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, Հերթական բնակարանամուտը նշվել է Վայոց ձորի Գետափ գյուղում:
Դպրոցական նստարանից դեպի ուսանողական կյանք, այնուհետև՝ ընտանիք: Աշոտն ու Անին համատեղ կյանքի ճանապարհ են անցել երկար տարիներ: Ուսանողական տարիներին ընտանիք կազմելուց հետո, երիտասարդ ամուսինները մի քանի տարի վարձով ապրել են Երևանում, ապա՝ տեղափոխվել Եղեգնաձոր: Այստեղ ևս վարձակալի կարգավիճակով ապրող երիտասարդներին սեփական տուն կառուցելու միտք է տվել Աշոտի հորեղբայրը: Նրա նվիրած հողամասում, առանց բաժանարար պատերի կիսակառույցը 16 տարի անց՝ տուն է դարձել: Միմյանց լավ ճանաչելու փաստը բարձրագույնավարտ ամուսիններին հնարավորություն է տվել արժանապատվորեն հաղթահարելու եղած խնդիրները: Նազարյանները դարձել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու և իրականացրել են իրենց երազանքը: Արդեն մի քանի ամիս է՝ Նազարյաններն իրենց նոր տանն են ապրում:
«Դժվար է տնից տուն տեղափոխվել: Տասնվեց տարվա ընթացքում 5 տուն ենք վարձակալել: Մեր երազանքների տունը տարիներ շարունակ մտովի ենք կառուցել: Երկուսիս վաստակած համեստ գումարը հիմնականում ուղղվում էր երեխաների զարգացմանն ու տան վարձին: Այս ծրագիրը մեզ թույլ տվեց արժանապատվորեն հաղթահարել այդ խնդիրը», -ասել է ընտանիքի մայրը՝ Անին:
«Այնտեղ, որտեղ կա նվիրում՝ արդյունքն իրեն սպասել չի տալիս: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր գործում դրսևորի դա` կյանքն ավելի լավ հունով կընթանա: Մենք մեր գործընկերների հետ փորձում ենք տարածել այդ նվիրումը, երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու մշակույթը: Դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում է, որը կարող է արժեհամակարգ դառնալ նաև հասարակության համար: Բայց այդ հարցում կա յուրաքանչյուրիս, այդ թվում՝ Ձեր օգնության անհրաժեշտությունը: Գիտեմ, որ մանկավարժ եք և սերունդներ եք ճանապարհում դեպի կյանք: Փոխանցեք նրանց այդ ամենը. պատասխանատու լինելու, դժվարությունները արժանապատվորեն հաղթահարելու և լավատեսության կարևորությունը: Մնացածը կսովորեն կյանքի հետագա փուլերում», - տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հաճելի է տեսնել, թե ընտանիքը ինչ ոգևորությամբ է ապրում նորակառույց տան մեջ: 15 տարվա դեգերումներից հետո հնարավորություն ունենալ կառուցելու երազանքի տունը, կարծում եմ ընտանիքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Մենք մեր պարտքն ենք համարում միշտ լինել տնազուրկ ընտանիքների կողքին», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Հայաստանում տասը տարվա ընթացքում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Վերջին ամիսներին՝ Գետափ գյուղում երկրորդ բնակարանամուտն է նշվել:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում» համատեղ աշխատանքային միջավայր է բացվել
- Ռալֆ Յիրիկյանը «Առաջին Բիզնես Դպրոց»-ի ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը
- Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել
- Վիվա-ՄՏՍ. Կանաչ «iPhone 13» մոդելային շարքի և նոր «iPhone SE» սմարթֆոնները արդեն վաճառքում են
- Վիվա-ՄՏՍ. Հիմքից տուն՝ հինգ ամսվա ընթացքում
- Վիվա-ՄՏՍ. Հայատառ սիրված ստիկերները նորից հասանելի են «Viber»-ում
- Վիվա-ՄՏՍ-ում սկսվել է կանաչ «iPhone 13» մոդելային շարքի և «iPhone SE» սմարթֆոնների նախապատվերը
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ՝ շինարարության մեկնարկից կես դար անց
- Վիվա-ՄՏՍ. Տարբեր մարզերում տան տեր է դարձել Արցախից տեղահանված 15 ընտանիք
- Վիվա-ՄՏՍ. Գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար