«Դա իմ ընտրությունը չէ». Ալեն Սիմոնյանը՝ իրեն սպասարկող մեքենաներ գնելու մասին
«Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ»,-ասել է Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Սիմոնյանին ուղեկցող մեքենաներ ձեռք բերելու որոշման մասին հարցին։
Օգտատերը հիշեցրել է՝ կար ժամանակ, երբ այս իշխանության ներկայացուցիչները երթևեկում էին հեծանիվով, հիմա ո՞ւմից են վախենում։
Մեքենաների ձեռքբերման որոշման մասին քննարկումները Սիմոնյանը տեղավորեց «ծուռ հայելիների աշխարհում», նշեց, որ դրանք պետք է դադարեն, իսկ մարդիկ դրանց պետք է ուշադրություն չդարձնեն։
«Դա իմ ընտրությունը չէ, ես ինձ մեքենա չեմ գնում, մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ, ես այդ որոշումների հետ շատ հաճախ որևիցե կապ չունեմ ու չեմ կարող ունենալ։
Անվտանգության աշխատակիցներն ունեն իրենց պարտականությունները, որոնք համակարգվում են օրենքով։ Կան չափանիշներ, որոնք պետք է ունենան բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող մեքենաները, դա արագություն է, ճկունությունը և այլն, և այլն»,-ասաց Սիմոնյանը՝ եղածը վերագրելով պրոտոկոլներին։
Սիմոնյանը նշեց՝ փորձում է մաքսիմալ հրաժարվել դրանցից։
«Հրաժարվում եմ գրեթե ամեն ինչից, ինչ օրենքն ինձ չի արգելում։ Օրինակ, զրահապատ մեքենայից։ Ես ուզում եմ մի բան ֆիքսենք, պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, անվտանգության աշխատակիցներն իմ ընտրությունը չեն»,-ասաց նա։