«Սլավ Գրուպ»-ի կողմից ներկրվող «Կինդեր» շոկոլադե ձվերն անվտանգ են. Aysor.am
Ըստ Aysor.am-ի հավաստի տեղեկությունների, «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից Հայաստան ներկրվող և իրացվող «Կինդեր» շոկոլադե ձվերը և այդ ապրանքնանիշի այլ շոկոլադային արտադրանքները (բացառությամբ մեկի, որի տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է), չեն արտադրվում այն եվրոպական գործարաններում, որի արտադրանքի մեջ հայտնաբերվել է սալմոնելայի հարուցիչ և հանգեցրել եվրոպական երկրներում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի։
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
Սպասվում է լաբորատոր փորձարկումների արդյունքները հրապարակումը։