ՔՊ պատգամավորներն առաջարկում են արգելել կանխիկով և էլեկտրոնային դրամապանակից խաղադրույք կատարելը
«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից և էլեկտրոնային դրամապանակներից: Մեր նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով և էլեկտրոնային դրամապանակներից վճարումները».-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Նա ներկայացրեց իր և ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Նա պարզաբանեց, որ օրենքն ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց 10 օր անց հնարավոր չի լինի կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները և հավելեց, որ 6 ամիս անց էլ կարգելվի էլեկտրոնային դրամապանակներից հաշիվները լիցքավորելը:
«Օրենքն ընդունվելուց 6 ամիս գումարած 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն անկանխիկ եղանակով»,- ասաց Պապոյանը և օրենքի նախագիծն հիմնավորեց այն փաստարկով, որ խաղերի այդ թակարդի մեջ են հայտնվում սոցիալապես անաապահով մարդիկ, իսկ սոցիալապես ապահով մարդու համար այն խնդրահարույց չէ, քանի որ նա կարող է իր ժամանցի համար իր ստացած գումարների ինչ-որ մի մասը ծախսել։
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղային բիզնեսում մեկ տարում շրջանառվել է 3.9 տրիլիոն դրամ, բայց անմիջապես պարզաբանեց, որ նման մեծ թիվ առաջանում է այն պատճառով, որ նախնական մուտքագրված գումարները մի քանի անգամ է շրջանառվում գործընթացում և հաշվարկվում է բոլոր փուլերի հանրագոմարը:
Գևորգ Պապոյանը հայտնեց, որ նախագծի նպատակն է հնարավորինս սահմանափակել մասնակիցների թիվը և թափանցիկացնել այդ գործընթացը, տեսնել, թե ովքեր են խաղում:
«Շատ մարդիկ ստանում են որոշակի գումարներ, որոնք որևէ կերպ չեն հաշվարկվում, օրինակ՝ տաքսի ծառայության աշխատակիցները, գյուղմթերքի առևտրով զբաղվողները և կարող է ստացվել այնպես, որ այդ քաղաքացին առավոտից երեկո աշխատի և իր գումարը գնա և պարտվի բուքմեյքերական գրասենյակում և որևէ սահմանափակում չկա: Հիմա ասում ենք, որ չի կարող այն անել: Նա պետք է գնա, բանկային հաշիվ բացի, դրա վրա գումար գցի, բայց գիտենք, որ այդ քաղաքացիների մեծ մասը ԴԱՀԿ-ում պրոբլեմներ ունեն, չի կարող բանկային հաշիվ բացել և ստացվում է, որ չեն կարողանալու նաև խաղալ»,- հայտարարեց Պապոյանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաև խաղացողների թիվը, 2018-ից 2020թ, բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: Այսօր արդեն այս ցուցանիշը ավելի է մեծացել և մեր գնահատմամբ տնտեսական և ընդհուպ մինչև անվտանգության խնդիրներ է պարունակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում