Փոխնախարարը պնդեց՝ վերացրել են ՀԿ-ների նշած Ընդերքի օրենսգրքի նախագիծը հետ կանչելու պահանջի հիմքերը
«Նախագծով կկարգավորվի անհաղթահարելի ուժի առաջացման հանգամանքով այդ գործողությունների ժամանակահատվածով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված հարաբերությունները»,- ԱԺ այսօրվա նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ ներկայացնելով Ընդերքի մասին օրենսգրքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները:
Նրա խոսքով՝ այն հնարավորություն կտա ընդերքօգտագործողներին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէր կարողացել իրականացնել նման արտակարգ իրավիճակների ժամանակահատվածում:
Նախագծում ասվում է, որ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել իր պարտավորությունները:
Կառավարության հեղինակած օրենքի փոփոխություններով՝ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում, այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով:
Նման հանգամանքների ծագման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը դրանց մասին գրավոր տեղեկացնելու է լիազոր մարմնին, և եթե նշված ժամկետում այն չանի, ապա դրանից հետո ընդերքօգտագործողի լիազոր մարմին ներկայացրած դիմումը քննարկման ենթակա չի լինի:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխնախարարին հիշեցրեց, որ օրերս մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել և կոչ արել ԱԺ-ից հետ կանչել «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, քանի որ օրենսդրության մեջ չկա «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը և այն կարող է կամայական մեկնաբանվել:
Հովհաննես Հարությունյանն ընդունեց, որ «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» եզրույթը օրենսգրքում առաջին անգամ պետք է օգտագործվի և այդ հայտարարությունից հետո գործադիրը օրենսգրքի հասկացությունների հոդվածում ավելացրել է համապատասխան ձևակերպումը:
«Քաղաքացիական զանգվածային անհնազանդություն ասելով՝ մենք հասկանում ենք այն հնարավորությունները, որոնք մարդիկ կարող են օգտագործել և կազմակերպել ակցիաներ այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է կառավարության և իշխանությունների կողմից»,-պարզաբանեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ կարող է տեղի ունենալ ՀՀ-ում, գործադիրը փորձում է բարելավել ներդրումային միջավայրը և ներդրողներին ուզում է ասել, որ գործադիրն իրենց ազատում է այդ ռիսկերից:
Նա հայտնեց, որ հենց այդ իրավիճակի բարելավմանն է միտված փոփոխությունը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
- Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի. Սեյրան Օհանյան
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան