Արցախցի Մաքսիմ Թևոսյանն աշխարհագրություն առարկայի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը
Արցախցի Մաքսիմ Թևոսյանը Երևանում կայացած օլիմպիադայի հանրապետական փուլում աշխարհագրություն առարկայից գրավել է առաջին տեղը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից։
«Մաքսիմ Թևոսյանը Ասկերանի շրջանի՝ թշնամու վերահսկողության տակ անցած Ակնաղբյուր գյուղից է: Սովորում է Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:
Պրպտուն, հետաքրքրասեր պատանուն երկիր մոլորակի, բնության երևույթների մասին բազում հարցերը հանգիստ չէին տալիս: Իսկ աշխարհագրությունը տալիս է այդ հարցերի պատասխանը: Գյուղում ապրող պատանու համար նաև երկրների սահմանները հատելու, աշխարհը շրջելու, նորանոր բացահայտումների հնարավորություն է աշխարհագրությունը: Այստեղից էլ՝ հետաքրքրությունն ու սերը աշխարհագրություն առարկայի հանդեպ:
«Աշխարհագրության օլիմպիադայի բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարելն ու հանրապետական փուլին հասնելը հեշտ չէր: Մաքսիմի հաստատակամության, ինքնակրթության, գիտելիքի հանդեպ ունեցած վերաբերմունքի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք նման հաջողության հասնել»,-պատմում է Մաքսիմի ուսուցչուհին՝ Լիլիթ Ստեփանյանը:
«Առավել շատ՝ տարածաշրջանների աշխարհագրությունն եմ սիրում: Ուսումնասիրում եմ Հայաստանի տնտեսությունը, արդյունաբերությունը, հետաքրքրված եմ Արևելքի երկրների մշակույթով, ազգային խոհանոցով, տարազով, նաև՝ լեզուներ եմ ուսումնասիրում»,- ասում է Մաքսիմը:
Կորեերենի, ֆիլիպիներենի, ինդոնեզերենի ու մի շարք այլ օտար լեզուների կողքին՝ ասկերանցի պատանու համար ամենագեղեցիկ լեզուն հայերենն է:
«Տառերի ձևն է գեղեցիկ, արտասանությունը, և, ընդհանրապես, հարուստ լեզու է հայոց լեզուն»,- համոզված է Մաքսիմը:
Արցախում ստեղծված իրավիճակի մասին հաճախ է մտածում, տնտեսական խնդիրների լուծման համար նաև տարբերակներ ունի:
«Մեր երկրում գիտական գաղափարների համար արտոնություններ են պետք: Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ պետք է զբաղվենք: Մենք ունենք գիտական մեծ ներուժ, պարզապես՝ աջակցություն է պետք: Տնտեսության միակ հեռանկարային ճյուղն Արցախի համար զբոսաշրջությունն է: Ժամանակակից մարդուն զարմացնելը դժվար է: Պետք է այնպիսի բան ստեղծենք, որ աշխարհում առաջինը լինի: Ռեկորդային ցուցանիշների համապատասխան բաներ պիտի ստեղծենք, որ կարողանանք աշխարհին զարմացնել, ասենք՝ առաջին ապակե եկեղեցին»,- գաղափարներով կիսվում է Մաքսիմը:
Պատանեկան ռոմանտիկ երազանքներ չունի Մաքսիմը: Պարզապես ամենահամարձակ գաղափարներն Արցախում իրագործելու, կառուցելու, ստեղծելու, Արցախում ապրելու հնարավորություն է ուզում: