Որոնք են երկարակյաց մարդկանց սիրած ըմպելիքները
Բժշկական գիտությունների դոկտոր Նատալի Կոմովան և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանա Էլիս Հաննեսը ներկայացրել են երկարակյացների սիրած ըմպելիքները, գրում է «Eat This, Not This!» պարբերականը։
Ըստ Կոմովայի՝ աշխարհի այն տարածաշրջանների բնակիչները, որոնք մինչև 100 և ավելի տարի են ապրում, հիմնականում նախընտրում են ջուր խմել։ Նա նշում է, որ ջուրը կարևոր է կյանքի երկարացման համար, քանի որ այն օգնում է հեռացնել տոքսինները, պահպանել արյան նորմալ ճնշումը, հավասարակշռել էլեկտրոլիտները և խթանել նյութափոխանակությունը:
Կոմովան նշում է, որ օրինակ, «կապույտ գոտիների» բնակիչները, մասնավորապես, Սարդինիայում (Իտալիա) և Իկարիայում (Հունաստան), իրենց չեն զրկում բարձրորակ չոր կարմիր գինուց: Նրա կարծիքով, կարմիր գինին հարուստ է ռեսվերատրոլով, որը հակաօքսիդանտ է և օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։ Սակայն մասնագետը զգուշացնում է, որ չի կարելի օրական մեկ բաժակից ավելի խմել։
Դանա Էլիս Հաննեսն էլ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սև սուրճին, որն ամեն օր օգտագործում են Միջերկրական ծովի հարյուրամյա բազմաթիվ բնակիչներ։ «Սուրճի հատիկները լի են հակաօքսիդանտներով, պոլիֆենոլներով, որոնք կարևոր նշանակություն ունեն իմունային համակարգի համար, ինչպես նաև այլ հակաբորբոքային միացություններով և կարող են կապված լինել երկարակեցության և քրոնիկ հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ», - բացատրել է մասնագետը։
Հաննեսի խոսքով՝ «կապույտ գոտիներում» ապրող մարդականց ամենօրյա սննդակարգի մեջ է մտնում նաև թեյը՝ հատկապես Օկինավայում (Ճապոնիայում), որտեղ բնակիչները կարող են ամբողջ օրը մեծ քանակությամբ կանաչ թեյ խմել։ Իկարիայում նախապատվությունը տալիս են բուսական թեյերին՝ խատուտիկին, վայրի եղեսպակին, իսկ Սարդինիայի բնակիչները պատրաստում են թեյ կաթնային տատասկափուշից, որը, ենթադրաբար, մաքրում է լյարդը։
«Կանաչ թեյը հարուստ է կատեխինով և պոլիֆենոլներով, որոնք ունեն հակաօքսիդիչ հատկություն և կանխում են հիվանդությունները՝ պայքարելով ազատ ռադիկալների դեմ, կարգավորում են խոլեստերինի մակարդակը, կայունացնում են արյան ճնշումը»,- ասում է Կոմովան՝ նշելով, որ այս բոլոր հատկություններն օգնում են երկարացնել կյանքը։
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ավելի հաճախ սև թեյ խմել։ Այս ըմպելիքը կարող է նվազեցնել արյան շաքարի մակարդակը, սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկը, բարելավել խոլեստերինի մակարդակը և կարգավորել աղիքների աշխատանքը:
Նշվում է նաև, երկարակյացները, որպես կանոն, թեյ են խմում առանց քաղցրի, իսկ ցանկության դեպքում ավելացնում են մի կտոր կիտրոն կամ մի քիչ թարմ անանուխ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան