Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ
Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան։ Սակայն ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես եկան հայտարարություններով, որ չեն մասնակցելու այս քառօրյային ու քվեարկություններին և լքեցին նիստերի դահլիճը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի, Ադրբեջանի հակահայ վարքագծով։ Նա նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։
«Մեզ համար սակարկելի չեն Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։
Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։
Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա–թուրքական օրակարգով։ Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Վտանգված է Արցախը։ Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,- հայտարարեց Ս. Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով, իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում իրեն խորհրդարանական մեծամասնությունը, որը իրական օրակարգերը ԱԺ-ում առաջնահերթորեն քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ երբ հարցը վերաբերում է Արցախին, կցված լինելով գործադիր իշխանությանը՝ ապաքաղաքական է դարձնում քաղաքական թիվ մեկ ինստիտուտը՝ խորհրդարանը։
«Ելնելով ստեղծված իրավիճակից, խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մեկնում ենք Արցախի Հանրապետություն և Հայաստանի սահմանամերձ մարզեր՝ լինելով մեր հայրենակիցների հետ անմիջական շփումների մեջ այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց Ս. Օհանյանը։
Այնուհետև նա Արցախի Հանրապետության դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնի վրա՝ նշելով՝ «պաշտպանելով Արցախը պաշտպանում ենք Հայաստանը»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյային, մեկնելու է Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան