Վահե Մակարյան. Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս եմ «սպառնացել»
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իր մասին տարածած հայտարարությանը.
««Սպառնալից հայտարարություն»
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցությունն այսօր, դիմելով «սիրելի հայրենակիցներին և լրագրողական համայնքի հարգելի ներկայացուցիչներին», մի հայտարարություն է տարածել իմ մասին, գուցե՝ իմ դեմ։
Հայտարարությունից տեղեկացա, որ «այսօր ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը», այսինքն՝ ես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել եմ սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ»։
Հիմա փորձում եմ հիշել, թե հատկապես ի՞նչ ձևով եմ ես սպառնացել այդ պատգամավորին։ Վահագն Ալեքսանյանին ես «քոռ խոզ» չեմ անվանել, ինչպես վերջերս անվանել էր նրան մի քաղաքացի, նույնիսկ «Նիկոլ Փաշինյանի ուսապարկ» չեմ անվանել, չնայած՝ համացանցում ու մամուլում շատերը նրան այդպես են կոչում՝ իր հայտնի ելույթից հետո։ Անգամ չեմ հիշեցրել, որ ժամանակին՝ ԲՀԿ երիտթևի անդամ եղած շջանում, հիացած է եղել Ռոբերտ Քոչարյանով, չեմ հիշեցրել, որ նա այն պատգամավորն էր, որն աքացիներով ու սեռական հայհոյանքներ տեղալով՝ հարձակվել էր ընդդիմության վրա՝ Նիկոլ Փաշինյանի իշմարով։ Մի կարճ «զրույց» ենք ունեցել ԱԺ միջանցքում, երբ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու վերաբերյալ փորձում էի մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանից, ինչին ինքը միջամտեց եւ հանկարծ իմանում եմ, որ գնացել «վերադասին» բողոքել է, թե՝ «հասեք, փրկեք, Վահե Մակարյանն ինձ վիրավորել ու սպառնացել է»։
Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս եմ «սպառնացել», որ մի ամբողջ խմբակցություն հայտարարություն է տարածել իմ համեստ անձի մասին։ Կարո՞ղ է «սպառնացել եմ», որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», թե՞ ձեռքիս միկրոֆոնն են զենքի նմանեցրել, կամ Արցախի ու Արցախի դրոշի թեմայով հարց տալն արդեն սպառնալիք են դիտարկում»։
Հիշեցնենք, այսօր «Քաղաքացիական պայմանաագիր» խմբակցությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր.
«Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարևորելով խոսքի ազատությունը, լրագրողական համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նման վարքագիծը։
Նման վարքագծով առաջին հերթին արժեզրկվում է լրագրողի մասնագիտությունն ու լրագրությունն առհասարակ։
Կոչ ենք անում ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովում ապահովել աշխատանքային բնականոն միջավայր։ Լրագրողական կազմակերպություններից ակնկալում ենք միջադեպի վերաբերյալ հստակ գնահատական, ինչպես նաև լրագրողների կողմից պետական մարմիններում և առհասարակ լրագրողական էթիկայի կանոնների պահպանման ուղղությամբ գործուն քայլեր»։
Լուսանկարը՝ արխիվային. վիրավորված քպ պատգամավորը քացի է տալիս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան